
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննադատել է իշխանություններին և ուժային կառույցների աշխատանքը։
Նրա խոսքով՝ մինչ պետական պաշտոնյաներն ու նրանց ուղեկցող անձինք ապահովված պայմաններում են տեղաշարժվում և ապրում, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները ստիպված են սեփական ուժերով պաշտպանել իրենց և ընտանիքներին։
Գրիգորյանը որպես օրինակ նշել է Շաքիի բնակչուհուն, որը, ըստ նրա, ստիպված է եղել անձամբ պաշտպանել իր երեք երեխաներին։
«ՀՀ քաղաքացու անվտանգությունը փաստացի մնացել է իր իսկ ուսերին»,- ասուլիսի ժամանակ ասել է նա։
Ընդդիմադիր պատգամավորը պնդել է, որ քաղաքացիների անվտանգությունը պետության և, մասնավորապես, ուժային կառույցների անմիջական պատասխանատվությունն է։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ այդ գործառույթը փաստացի փոխանցվել է քաղաքացիներին։
Գրիգորյանը նաև ուղիղ հարցադրումներ է արել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և Անդրանիկ Սիմոնյանին՝ ընդգծելով, որ պետական պաշտոնյաների առաջնային պարտականությունը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։
«Սուրեն Պապիկյան, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ փաստացի անվտանգություն ապահովելու»,- նշել է նա: