Զինված ադրբեջանցու արարքը կարող է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման հանգեցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ բացի պետական սահմանի ապօրինի հատումից և ներթափանցումից, դեպքի առնչությամբ առկա է նաև մարդու կյանքի դեմ ոտնձգության հանգամանք։
«Այստեղ գործ ունենք ոչ թե մեկ, այլ մի խումբ անձանց, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգության հետ։ Այն նկարագրությունը, որը լսել եմ լրատվամիջոցներից, թույլ է տալիս խոսել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման հնարավորության մասին, քանի որ ողբերգական հետևանքը չի վրա հասել անձի կամքից անկախ հանգամանքներով»,- ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ ադրբեջանցու ազգային պատկանելությունը տվյալ դեպքում կարևոր է, քանի որ դա փաստական հանգամանք է և, ըստ նրա, խոսքը եղել է համապատասխան մտադրության մասին։
Վարդևանյանի խոսքով՝ դեպքի ժամանակ գործել է նաև մայրական բնազդը։ Նա կարևորեց, որ ադրբեջանցին այս պահին կալանավորված է, սակայն հարց բարձրացրեց, թե ինչու նախաքննությունը դեռ չի ավարտվել, և գործը դատարան չի ուղարկվել։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ գործը կարող էր քննվել դռնբաց դատական նիստում, քանի որ հատուկ գաղտնիության ռեժիմի անհրաժեշտություն չի տեսնում։
«Այս անձի գործողություններին Հայաստանի Հանրապետությունում պետք է տրվի պատշաճ, գործի հանգամանքներից բխող և խիստ իրավական գնահատական»,- ընդգծեց Վարդևանյանը։