Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում

Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անի Ավետիսյանի ոտքը վիրահատել են։ Բժիշկները պայքարում են այն հնարավորինս պահպանելու համար, «Հրապարակ»-ին հայտնեց Անիի քրոջ ամուսինը։

Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում Անիին դեռ մի քանի վիրահատություն է սպասվում։ «Ինքը նորմալ է, բայց բժիշկների ասելով՝ ոտքը կորցնելու վտանգ կա։ Վիրահատություններով են փորձում փրկել, թե ոնց կլինի՝ չգիտենք։ Հույսով սպասում ենք, ասում են՝ պիտի սպասեք։ Առաջիկայում էլ երեք վիրահատություն պետք է լինի։ Եթե ոտքը լավ լինի, առաջընթաց լինի, կվիրահատեն»։
Քրոջ ամուսնու խոսքով՝ Անին վախեցած է, սակայն վիճակը կայուն է․ «Ոչինչ, նորմալ է: Վախեցած է, բա ի՞նչ ա։ Մենակ առողջապահության նախարարն է գնացել, դրանից ենք խաբար»։

Անդրադառնալով հրապարակված լուսանկարներին, որ ՔՊ-ական պատգամավորներն այցելել են Անիին, նա ասել է․ «Անիի ծնողներին ոչ ոք չի մոտեցել, չի խոսել։ Մենակ մեր ժուռնալիստներն են մոտենում»։

Ադրբեջանցի զինծառայողի հարձակման արդյունքում վիրավորվել է նաև Անիի անչափահաս որդին, որը դաստակի հատվածում կոտրվածք ունի։ Մեր զրուցակիցը պատմեց, որ երեխայի ձեռքը գիպսի մեջ է․ «Էրեխեն ասեց՝ հոպար, շիշ են դրել։ Դաստակի աջ մասը՝ ճկույթից ներքև, կոտրված է։ Էրեխու ձեռքը գիպսի մեջ է»։

Նրա խոսքով՝ երեխաներին չեն թույլատրում մտնել մոր մոտ։ Ծնողները կարողանում են կարճ ժամանակով այցելել՝ անհրաժեշտ իրեր և սնունդ փոխանցել․ «Էրեխեքին չեն թողնում մտնեն իր մոր մոտ։ Յանի ծնողներին թողնո՞ւմ են․ մի 5 րոպեով՝ հաց ու ջուր են տանում, հերթապահն է տանում տալիս, էդքան բան»։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն իրենց տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է իր ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Դրանից հետո որոնողական աշխատանքներ էին իրականացվել, որոնք արդյունք չէին տվել։ Ադրբեջանցի զինծառայողը բացահայտվել է միայն Շաքիի բնակչի տուն մտնելուց հետո, երբ հրազենով վիրավորել է Անի Ավետիսյանին, նրա անչափահաս որդուն։ Դեպքի վայրում են եղել նաև Անիի անչափահաս դուստրը, որը, ըստ հարազատների, հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։ Անի Ավետիսյանը կարողացել է պաշտպանել իրեն եւ իր երեխաներին` դանակի մի քանի հարվածներ հասցնելով զենքը ձեռքին` իր վրա կրակող ադրբեջանցուն: Կրակոցներին նա կորցրել է ձեռքի մատները եւ ծանր վնասվածք է ստացել ոտքի շրջանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *