Ի՞նչ կարժենա գազը – Հրապարակ

Իսկապես, ի՞նչ կարժենա գազը: Այս հարցը կարող է մեկ այլ հարցի տեղիք տալ՝ որտեղի՞ց ներկրվող: Որովհետև եթե չիմանանք, թե որ երկրի գազն ենք սպառելու, ինչ իմանանք, թե ինչքան ենք վճարելու: Ռուսական գազի համար, օրինակ, վճարում ենք առնվազն եռակի ավելի էժան, քան ընդհանրապես գազի համար վճարում են այսօր Եվրամիությունում: Այնտեղ, որտեղ ձգտում են արևմտամետների ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հոգիները: Բայց Ֆրանսիայում, օրինակ, նվազագույն թոշակը կազմում է 756,29 եվրոյից մինչև 903,93 եվրո: Կամ 310,000 դրամից մինչև 371,000 դրամ՝ 1 եվրոյի դիմաց մոտ 410 դրամ ընթացիկ փոխարժեքով։ Ֆրանսիան, ի դեպ, այն երկիրն է, դեպի ուր առավել են ձգտում վերը նշված անձանց հոգիները: Իսկ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 46,000 դրամ: Այսինքն, ֆրանսիական նվազագույն (միջինում) թոշակն ավելի քան 7 անգամ ավելի է հայկականից: Ապրանքների ու ծառայությունների գնողունակության համարժեքությամբ (PPP) հաշվառելու դեպքում տարբերությունը նվազում է՝ կազմելով 4.5 անգամ:

Անցնենք միջին աշխատանքային կենսաթոշակների համեմատությանը: Ֆրանսիայում այն կազմում է մոտ 1575 եվրո կամ ավելի քան 645 հազար դրամ: Հայաստանում այն կազմում է մոտ 60 հազար դրամ: Դրանում ներառված չէ մոտ 105 հազար դրամ կազմող՝ զինվորականների միջին թոշակը, քանի որ այն 1.75 անգամ ավելի է քաղաքացիականից: Իսկ ֆրանսիայում այդ երկուսը համարյա հավասար են միմյանց: Ինչևէ, ֆրանսիական միջին կենսաթոշակը 10.75 անգամ ավելի է հայկականից, իսկ գնողունակության համարժեքությամբ հաշվառելու դեպքում՝ 6.7 անգամ:

Վերջապես գանք բնակարան կամ առանձնատուն հասցված գազի գնին: 1 խոր/մ-ի համար սովորական (ոչ սոցիալական անապահով խավը) բնակիչը Հայաստանում վճարում է 143.7 դրամ: Իսկ ֆրանսիացին 1.60 եվրո (656 դրամ) վճարում է ջեռուցման համար՝ գումարած ամսական 12300 դրամ բաժանորդավճար: Սնունդ պատրաստելու և ջուր տաքացնելու համար վճարում է 1.96 եվրո (804 դրամ): Միջինում, կոպիտ հաշվարկով, 1 խոր/մ-ի գինը կազմում է 1.78 եվրո կամ 730 դրամ՝ գումարած ամսական ավելի քան 12 հազար դրամը: Գնային տարբերությունը կազմում է ավելի քան 5 անգամ:

Իսկ հիմա պատկերացնենք, որ գազի գինը թանկանում է, ասենք, 3 անգամ: Գազի վճարի գնային տարբերությունը կկրճատվի՝ իջնելով 1.66-ի: Այսինքն, գազի համար վճարվող գումարները կմոտենան միմյանց, սակայն անշարժ կմնան միջին և նվազագույն կենսաթոշակները: Անցյալ ձմռանն, օրինակ, 40-60 քմ տարածքով բնակարանը ջեռուցելու (գումարած սնունդ պատրաստելն ու ջուր տաքացնելը) համար ամսական ծախսվում էր 15-25 հազար դրամ: 70-90 քմ տարածքով (3 սենյականոց) բնակարանների դեպքում վճարն ամսական կազմում էր 30-45 հազար դրամ: Այս տարի համապատասխանաբար կկազմեն 45-75 հազար և 90-135 հազար դրամ՝ եթե գինը եռակի թանկանա: Հիշենք, նվազազագույն ու միջին կենսաթոշակների չափերը մնալու են նույնը: Կամ էլ 2027-ից ավելանալու են, ըստ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի, 500-ից 1000 դրամով: Համեմատեք՝ գազը կթանկանա եռակի, իսկ թոշակները կավելանան 1000 դրամով:

Ենթադրենք, որ կրկին «դուխովցած» վարչապետը կհրաժարվի թանկացված ռուսական գազից ու կփորձի ստանալ ադրբեջանականը: Տեխնիկապես դա հնարավոր է, Ադրբեջանից Վրաստան հասցվող գազի մի մասը կուղղվի Հայաստան: Իսկ Ադրբեջանը ստիպված կլինի ավելացնել դրա հոսքը: Մնում է, որ ռուսական կողմը համաձայնվի այդ տարբերակին, քանի որ գազի խողովակները պատկանում են նրան: Ի դեպ, թե՛ Վրաստանով ՀՀ մտնող և թե՛ Իրանով: ՌԴ-ն, բնականաբար, կսահմանի իրեն պատկանող խողովակներով գազի տարանցման գին. ՌԴ-ից ՀՀ եկող գազի՝ Վրաստանի տարածքով անցնելու դեպքում 1 կմ-ի համար այն կազմում է միջինը 160 հազար դոլար՝ ինչը մոտ է միջազգային գնին: Հայաստանում բարձր, միջին ու ցածր ճնշման գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 13,000 կմ: Որից մայրուղային խողովակաշարերին ու դրանց ճյուղավորումներինը՝ 1,851 կմ (հաշված նաև իրանական 40 կմ-անոց հատվածը)։ Իսկ եթե որոշում կայացվի կառուցել նոր գազատար

Այսպիսով, միայն մայրուղայիններով հոսող գազի համար ՌԴ-ն կպահանջի տարեկան 295 միլիոն դոլար: Դրա մեջ, բնականաբար, չի մտնելու գազի գինը: Տարեկան այն կազմում է 400 միլիոն դոլար, որ վճարվում է ռուսական «Գազպրոմ»-ին սահմանի վրա: Դրան գումարած մի այդքան էլ «Գազպրոմ Հայաստան»-ին է վճարվում բնակիչների և բիզնեսի կողմից: Իրականում, հայկական սպառողների վճարը կազմում է 680 միլիոն դոլար, սակայն մոտ 280 միլիոնը աշխատավարձերի, տեխնիկական սպասարկման և հարկերի տեսքով մնում է Հայաստանում: Չեմ կարծում, թե երկարատև ժամանակահատվածում ադրբեջանական գազը կարող է ավելի էժան լինել ռուսականից, որ սպառողի համար կազմում է 288.65 դոլար 1000 խմ-ի դիմաց: Կրկին հիշեցնենք՝ ԵՄ-ում այս օրերին 1000 խմ-ի գինը կազմում է 900-4000 եվրո:

Իսկ հիմա թվերից անցում կատարենք բովանդակային խնդրին: Կրկին «դուխովցած» վարչապետի քայլը կբերի հայ-ռուսական հարաբերությունների ահավոր սրմանը: Պայմանավորված նաև մինչև 2043 թվականը գործող գազային պայմանագրերով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող՝ Հայաստանի տարածքում գազի ներկրման, բաշխման և վաճառքի բացառիկ (մենաշնորհային) իրավունքի խախտումով։ Այսօր քարոզվող Հայաստանի ինքնիշխանությունը կվերածվի լրիվ ձևական երևույթի՝ հաշվի առնելով գազի փականը Հայաստանին թշնամի, բայց Նիկոլին բարեկամ Ադրբեջանի ձեռքին գտնվելը՝ հիշենք Արցախի գազամատակարարման դադարեցման դրվագները: Ավելի ճիշտ, Իլհամի հաջորդ պահանջը կլինի Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելը: Իսկ ԵՄ-ն սիրահոժար կթույլատրի շուրջ 3 միլիոն հայերին գաղթել եվրոպական երկրներ: Որպեսզի գոնե ինչ-որ չափով փոխհատուցի մահմեդական գաղթականների մուտքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *