
Իրկուտսկի մի քանի հիվանդանոցներում կարանտինային ռեժիմ է խիստ վտանգավոր վարակի հնարավոր դեպքի մասին հաղորդագրությունների պատճառով:
Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը ուժեղացրել են սանիտարական հսկողությունը, մինչդեռ Ռոսպոտրեբնադզորը հայտարարում է, որ տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը կայուն է մնում։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ կարանտին է սահմանվել քաղաքային թիվ 1, թիվ 3 և թիվ 10 կլինիկական հիվանդանոցներում, ինչպես նաև Իվանո-Մատրենինսկայա մանկական կլինիկական հիվանդանոցում: Այս հաստատություններում հիվանդներին այցելությունները սահմանափակված են: Կարանտինի պաշտոնական պատճառները չեն նշվում։
Իրավիճակը լայն ուշադրության է արժանացել Շելեխովում Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակից 28-ամյա Դարյա Շիպիլովայի մահից հետո: Մի քանի լրատվամիջոցներ պնդում են, որ մահվան պատճառը թոքային ժանտախտն է եղել:
Ռոսպոտրեբնադզորն իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի հիվանդ աշխատակցուհու մոտ չեն հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Նրա հետ շփված անձանց ստուգումը վարակիչ պաթոլոգիայի հետ կապված առողջական վիճակի փոփոխություններ չի հայտնաբերել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ի գիտություն ընդունել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունները և անտեսել ասեկոսեներն ու այլ մտավարժանքները:
Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան մասին։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ։
«Տվյալ դեպքում գլխամասային գերատեսչությունը, որը իրավասու է այդ ոլորտում, Ռոսպոտրեբնադզորն է, և պետք է կողմնորոշվել հենց այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններով՝ տուրք չտալով տարբեր ասեկոսեների ու մտավարժանքների։ Դրա համար գործում է Ռոսպոտրեբնադզորը, որտեղ աշխատում են այդ ոլորտի բարձրակարգ մասնագետներ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետևում է Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակին։
Ավելի վաղ մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Մերձանգարայում վտանգավոր վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել, անցկացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իրավիճակը խիստ հսկողության տակ է: