Նորվեգիայի Լոնգիրբյեն քաղաքում բնակիչներին խորհուրդ է տրվել չխմել ծորակի ջուրը՝ ծանր մետաղներով աղտոտվածության պատճառով։ Գիտնականների կարծիքով՝ խնդիրը կապված է կլիմայի փոփոխության հետևանքով հավերժական սառույցի հալվելու հետ։
Մոտ 2600 բնակիչ ունեցող քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուրը Իսդամեն լիճն է։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով հալվում է սառած հողը՝ ջրի մեջ բաց թողնելով ապարներից արտազատվող մետաղները։ Անցյալ տարվա սեպտեմբերին ջրում մանգանի մակարդակը Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի առաջարկած սահմանաչափը գերազանցել էր 25 անգամ։ Ավելի ուշ մանգանի մակարդակը նվազել է, սակայն այս տարվա սկզբին ջրում սուլֆատի և նիկելի պարունակությունը նույնպես գերազանցել է խմելու ջրի համար առաջարկվող սահմանները։ Այդ պատճառով ծորակի ջուրը խմելու արգելքը շարունակում է գործել։
Գիտնականները խնդիրը կապում են նաև տարածքի երկրաբանական առանձնահատկությունների հետ։ Ապարներում առկա պիրիտը՝ այսպես կոչված «հիմարների ոսկին», ջրի և թթվածնի հետ փոխազդելիս թթվայնություն է առաջացնում, ինչի հետևանքով ծանր մետաղները կարող են անցնել ջրային համակարգ։ Գիտնականները նախազգուշացնում են, որ նման խնդիր կարող է առաջանալ նաև Արկտիկայի այլ շրջաններում, այդ թվում՝ Կանադայի հյուսիսում և Ալյասկայում, որտեղ նույնպես կան ծանր մետաղներ պարունակող ապարներ և հալվող հավերժական սառույց։