ՓԾ տնօրենն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին (տեսանյութ)


Տեսանյութեր


Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Յոկո Անազավան և գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Արամ Ղազարյանը երկու երկրների միջև համագործակցության շարունակական զարգացմանն ուղղված ջանքերի համար շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին։ Նա ընդգծել է աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ոլորտներում Ճապոնիայի փորձի ուսումնասիրման կարևորությունը։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պատրաստակամություն է հայտնել դիտարկելու Հայաստանի կարիքների համալիր ուսումնասիրության հիման վրա աջակցության տրամադրման հնարավորությունը` աղետների ռիսկի կառավարման ոլորտում կարողություններն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին դիմակայունության բարձրացման և դրանց հետևանքների մեղմման ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև վաղ ազդարարման համակարգերի արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, տվյալների հավաքագրման ու վերլուծության և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *