
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը նոր հեռուստահաղորդման կարիք ունի:
«Երեկ չկարդացած զրո նամակ ունեի, այսինքն՝ բոլոր նամակները կարդացել էի: Այսօր առավոտյան գալիս եմ, էլփոստս բացում եմ ու նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար: Բա ես հիմա ի՞նչ անեմ»,- ասում է Փաշինյան Նիկոլը:
Ասեմ: Խորհրդային տարիներին «Утренняя почта» երաժշտական հեռուստահաղորդում կար: Ինչ-որ մարդիկ իբր (միգուցե` իրականում) նամակներ էին գրում և երաժշտություն պատվիրում: Այժմ կարելի է ավելի կատարելագործված «Утренняя почта» անվանմամբ հաղորդում հեռարձակել: Ըստ Փաշինյան Նիկոլին ուղղված նամակի բովանդակության, հնարավոր է երաժշտություն ընտրել և որպես նամակի պատասխան` եթերում հնչեցնել: Սա` իմիջիայլոց:
Իսկ եթե լուրջ, ապա Փաշինյան Նիկոլը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու: Մասնավորապես` յուրաքանչյուր նամակին անհրաժեշտ է պատասխանել: Պատասխանը պետք է օրակարգային, նույնաբովանդակ և կարճ լինի, այն է` «եթե նոր Սահմանադրություն չընդունենք, աղետալի պատերազմ կլինի»: Եվ, քանի որ, ըստ Փաշինյան Նիկոլի, «նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար», ապա այդօրինակ պատասխանի դեպքում Նոր Հայաստանի Նոր Սահմանադրության ընդունմանն այլընտրանք չի լինի»: