Պենտագոնը հավանություն է տվել Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազայի ստեղծմանը

Պենտագոնը նախնական համաձայնություն է տվել Լեհաստանում ամերիկյան մշտական ռազմաբազայի ստեղծմանը։ Դրա մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո։ Ընդ որում, վերջնական որոշումը մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և, ինչպես սպասվում է, կընդունվի դեկտեմբերի սկզբին, հայտնում է լեհական Gazeta.pl պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության ղեկավարին։

«Պենտագոնը մեզ կանաչ լույս է տվել Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ռազմաբազա ստեղծելու համար»,- հայտարարել է Կոսինյակ-Կամիշը։

Ըստ նրա՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման վերանայումը մոտենում է ավարտին, իսկ Լեհաստանում ԱՄՆ զինվորականների մշտական ներկայության շուրջ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

«Փիթ Հեգսեթի հետ քննարկել ենք մանրամասները։ Մենք մոտենում ենք մեր նպատակին և լի ենք գործն ավարտին հասցնելու վճռականությամբ։ Հանուն Լեհաստանի անվտանգության»,- հանդիպումից հետո X սոցիալական ցանցում գրել է նախարարը։

Կոսինյակ-Կամիշը նաև հայտարարել է, որ Լեհաստանը դարձել է ԱՄՆ ռազմավարական գործընկերը։ Ըստ նրա՝ բանակցություններն ուղղված են երկկողմ կապերի ամրապնդմանը, ներառյալ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Ամերիկյան մշտական ռազմաբազայի հարցը քննարկվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վեցամսյա վերանայման ֆոնին։ Վաշինգտոնը գնահատում է իր ուժերի թվաքանակն ու տեղակայումը՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները։ Տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների ֆոնին Լեհաստանը ձգտում է ամրապնդել ամերիկյան զորքերի մշտական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում։

Ավելի վաղ ամերիկյան կողմը դրական էր արձագանքել ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ լեհական առաջարկին, սակայն ընդգծել էր, որ վերջնական որոշումը դեռ պետք է ընդունվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *