Հատուկ գումարտակի մարտիկները դեռ սպասում են այն հավելավճարներին, որոնք օրենքով պիտի ստանային՝ իրենց բարդագույն պայմաններում իրականացրած ծառայության դիմաց․ գումարտակի ամեն զինծառայողի 1-1.5 մլն դրամի չափով գումարները շուրջ մեկ տարի է, որ, փաստացի, շորթում են։
Oragir.News-ը խնդիրը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնել: Մեր զրուցակիցը նշել էր, որ ամիսներ շարունակ ինքն ու ընկերները չեն ստանում այն հավելավճարները, որոնց համար հանձնում են քննություններ։ Մեզ հետ զրույցում հատուկ գումարտակի զինծառայողը խնդրել էր ՊՆ-ից փոխանցել իր և իր զինակից ընկերների վաստակած՝ օրենքով հասանելիք գումարները։
Թեմայի վերաբերյալ մեր գրավոր հարցմանը Պն-ն մոտ երկու ամիս չպատասխանեց, օրերս էլ ստացանք ՊՆ-ի գրությունն առ այն, որ չեն պատրաստվում առհասարակ պատասխանել մեզ։
Այսինքն՝ ՊՆ-ում կարող են ֆինանսական ապօրինությունների դիմել, բայց դրա մասին բարձրաձայնել չի կարելի, դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու մեխանիզմներ հանրությունը չունի, հետևանքները վերացնելու առումով ՊՆ-ն հաշվետու չէ։ Իսկական ժողովրդավարության բաստիոն։
Նաև հիշենք մի որոշման մասին, որով Հայաստանում փոփոխվելու են ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները, ինչպես նաև կկատարվի լրացուցիչ վճարումների հաշվարկ զինծառայողների համար, որ մարտական պարտականություն են իրականացնում 2020 թվականի մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում․ դրա մասին կառավարության նիստում շաբաթ օրն է ընդունվել որոշում, որի նպատակն է, ինչպես նշվում է, հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզության ստորաբաժանումներում ծառայելն ավելի գրավիչ դարձնելը: Օրերս այդ թեմային մանրամասն անդրադարձել էինք, այսօր միայն փաստենք, որ նոր ստացված՝ չպատասխանելու մասին պատասխանի ֆոնին չի կարող զինծառայության համակարգը գրավիչ դարձնել վճարման որևէ կարգ, եթե ակնհայտ է, որ այն չի գործում։
Իրական արտոնություններ ստանում են ոչ թե զինվորականները, այլ՝ ոստիկանները․ հենց նրանց «ծառայության գրավչությունն է բարձրանում»։
Եվ ներկայիս ֆինանսական այս ռազմավարությունը ևս մի անգամ ընդգծում է, թե ումի՛ց է նախատեսում պաշտպանվել մեր հայրենի կառավարությունը․ թուրքից չէ, ադրբեջանցուց չէ, օտարից չէ՝ բանակի միջոցով, այլ՝ ոստիկանների օգնությամբ, սեփական քաղաքացիներից։
Մարտիկ Մինասյան