Սահմանադրությունը պետության ինքնիշխանության արտահայտությունն է, ոչ թե արտաքին քաղաքական պահանջների կատարման գործիք է, գրել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը:
«Հրապարակված նախագիծն առաջին հերթին մտահոգիչ է իր գաղափարական և արժեքային բովանդակությամբ։ Նախաբանից դուրս է մնացել Անկախության հռչակագրի հիշատակումը, հայոց պետականության հիմնարար սկզբունքների, համազգային նպատակների, ազատատենչ նախնիների պատգամի, քաղաքացիական համերաշխության և համամարդկային արժեքների վերաբերյալ ձևակերպումները։
Սա պարզապես խմբագրական փոփոխություն չէ։ Սա մեր սահմանադրական ինքնության և պետականության գաղափարական հիմքերի վերանայման փորձ է։
Առավել մտահոգիչ է, որ այս փոփոխության քաղաքական նախադրյալը բացահայտորեն կապվում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների հետ, իսկ Բաքուն արդեն իսկ դրական է գնահատել նախագծում Անկախության հռչակագրի հղման բացակայությունը։
Իրավական տեսանկյունից Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին քաղաքական պայմանավորվածությունների սպասարկման փաստաթուղթ։ Այն պետք է արտահայտի ժողովրդի ինքնիշխան կամքը, ապահովի իշխանության սահմանափակումը, երաշխավորի մարդու իրավունքներն ու ժողովրդավարական հավասարակշռությունը և ամրագրի մեր պետականության շարունակականությունը։
Սահմանադրությունը պարզապես իրավական տեքստ չէ։ Այն պետության ինքնության, պատմական հիշողության, արժեքների և ապագայի մասին մեր հավաքական որոշումն է։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե արտաքին պահանջներով պայմանավորված նոր Սահմանադրություն, այլ այնպիսի Սահմանադրություն, որը կուժեղացնի պետությունը, կսահմանափակի իշխանությունը և կպաշտպանի մեր ինքնիշխանությունը։
Հայաստանի Սահմանադրությունը պետք է գրվի Հայաստանի ժողովրդի կամքով, ոչ թե Բաքվի պարտադրանքով:
Մեր պետականությունը բանակցային սակարկության առարկա չէ»,– նշել է նա։