Իսրայել Կացի պնդմամբ՝ Իրանը ներկայումս քիմիական զենք է մշակում


Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսրայել Կացի պնդմամբ՝ Իրանը ներկայումս քիմիական զենք է մշակում։ Այս մասին նա հայտարարել է Թել Ավիվում իսրայելցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Կացի խոսքով՝ թեև 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո Թեհրանը չի վերսկսել միջուկային ծրագիրը, կան նշաններ, որ փորձում է դա անել։

Նա չի մանրամասնել, թե որքանով է առաջ անցել Իրանի ենթադրյալ քիմիական զենքի ծրագիրը և որտեղ է այն իրականացվում։ Միաժամանակ՝ Կացը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին քիմիական զենք ձեռք բերել։

Նրա խոսքով՝ ապրիլին հաստատված հրադադարից հետո իրանցիները դուրս են եկել թունելներից, տեսել իրենց հետ կատարվածը և այժմ փնտրում են այնպիսի զենք, որը նրանց որոշակի առավելություն կտա Իսրայելի նկատմամբ։

Կացը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը և ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պատրաստվում են համատեղ հարձակման։

«Ծրագրերը պատրաստ են։ Որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը, բնականաբար, նախընտրում է Իրանի դեմ գործել ԱՄՆ-ի հետ համատեղ։

Միևնույն ժամանակ՝ Կացը պնդել է, որ իր, վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի միջև տարաձայնություններ չկան՝ չնայած իսրայելական լրատվամիջոցների հաղորդումներին, թե Զամիրը դեմ է անհապաղ ռազմական գործողությանը։

Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե Նեթանյահուն հոկտեմբերին Իսրայելում կայացած ընտրություններից առաջ պնդել է Իրանի դեմ համատեղ հարված հասցնելու անհրաժեշտությունը, սակայն Թրամփը մերժել է առաջարկը։ Կացի պնդմամբ՝ նախընտրական շրջանում հարված չհասցնելու առաջարկն արել է հենց իսրայելական կողմը, իսկ քննարկումը նախաձեռնել է Թրամփը։

Միաժամանակ՝ Իրանը հերքում է քիմիական զենք մշակելու մասին մեղադրանքները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նման տեղեկություններն անվանել է կեղծ՝ մեղադրելով ԱՄՆ-ին պատերազմը շարունակելու անհրաժեշտությունն արդարացնելու փորձի մեջ։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *