
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն Fox News հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Ռուսաստանի մասնակցությամբ ռազմական հակամարտությունների պատմությանը։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները երբեք չեն դարձել ռուսական հարձակումների թիրախ։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը թվարկել է մի շարք պետություններ, որոնք, իր ձևակերպմամբ, նախկինում ենթարկվել են Ռուսաստանի հարձակումներին։ Նա հիշատակել է Աֆղանստանը՝ 1979 թվականին, Վրաստանը՝ 2008 թվականին և Ուկրաինան՝ 2014 թվականին։
«Ռուսաստանը երբեք չի հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, սակայն նախկինում Ռուսաստանը հարձակվել է Աֆղանստանի վրա 1979 թվականին, Վրաստանի վրա՝ 2008 թվականին և Ուկրաինայի վրա՝ 2014 թվականին։ ՆԱՏՕ-ն չափազանց ուժեղ է։ Սա ուժի վրա հիմնված խաղաղություն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր եվրոպական երկրներում հնչող հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական սպառնալիքի վերաբերյալ։ Նա նման հայտարարությունները բնութագրել էր որպես իրական հիմքեր չունեցող և իրականությունից կտրված։