Վրաստանում նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել հագուստի և կոշիկի առևտրային ներմուծման մաքսային ձևակերպման նոր սակագին՝ մեկ կիլոգրամի համար 3 լարի (մոտ 1,1 ԱՄՆ դոլար)՝ նախկին 500 լարի հաստատագրված վճարի փոխարեն։
Ներմուծողները նախազգուշացնում են ծախսերի կտրուկ աճի և շուկայի փոքր մասնակիցների համար ռիսկերի մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Կանոնը սահմանվել է կառավարության՝ 2026 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ և վերաբերում է չորս ապրանքախմբի՝ ներառյալ տրիկոտաժե և տեքստիլ հագուստը, աքսեսուարները, կոշիկը, գլխարկներն ու այլ պատրաստի տեքստիլ արտադրատեսակները։
Այժմ վճարը կախված է խմբաքանակի քաշից և կիրառվում է այն դեպքերում, երբ ըստ քաշի հաշվարկված գումարը գերազանցում է նախկին սակագինը։ Ընդ որում, այն չի փոխարինում ներմուծման մաքսատուրքին և ԱԱՀ-ին, այլ գանձվում է ձևակերպման համար նախկինում սահմանված համապատասխան վճարի փոխարեն։ Նոր սակագնով 500 կգ ապրանքի ձևակերպումը կարժենա 1500 լարի, իսկ 1 տոննայի (1000 կգ) ձևակերպումը՝ 3000 լարի (վեց անգամ ավելի, քան նախկին 500 լարի հաստատագրված վճարը)։
Քանի որ դրույքաչափը կախված է բեռի քաշից, այլ ոչ թե դրա գնման արժեքից, նույն քաշն ունեցող էժան և թանկ ապրանքների համար գանձվում է քաշի հիման վրա հաշվարկվող նույն վճարը։
Բացառություններ
Նոր վճարը չի տարածվում օգտագործված հագուստի (6309 ապրանքային դիրք) և տեքստիլ թափոնների (6310 ծածկագիր), ինչպես նաև թիվ 4 ձևի մաքսային հայտարարագրով ձևակերպվող ապրանքների վրա։
Վճարից ազատում է նախատեսվել նաև Եվրամիության, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) և Մեծ Բրիտանիայի հետ առևտրային համաձայնագրերի շրջանակում արտոնյալ ծագում ունեցող ապրանքների համար՝ հայտարարագրման ժամանակ EUR.1 հավաստագրի կամ ծագման մասին հայտարարագրի առկայության դեպքում։ Կարևոր է, որ միայն ԵՄ երկրից ներմուծման փաստը արտոնության իրավունք չի տալիս. որոշիչ են ապրանքի արտոնյալ ծագումը և այն հաստատող փաստաթղթերը։
Թուրքիան և Չինաստանը բացառությունների ցանկում ներառված չեն՝ չնայած նրանց հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերին։