Սա ընտրություն չէ, այլ գոյատևման պայքար. The Washington Times-ը` Փաշինյանի մասին

Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականում լույս է տեսել Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի գիտաշխատող, դոկտոր Դավիթ Գրիգորյանի քննադատական հոդվածը, որտեղ հեղինակն ահազանգում է Հայաստանում ժողովրդավարության ոչնչացման և սպասվող խորհրդարանական ընտրությունների կեղծման մեխանիզմների մասին։

2026 թ. ապրիլի 27-ին հրապարակված հոդվածում դոկտոր Գրիգորյանը, ով նաև Արժույթի միջազգային հիմնադրամի 22 տարվա մասնագետ է, Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակում է որպես «իշխանությունը բռնի պահելու փորձ»։

Հեղինակն ուշադրություն է հրավիրում վարչապետի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի կորուստը և 120,000 հայերի տեղահանումը «հաշվարկված զոհողություն էր՝ ուղղված Հայաստանի անկախության պահպանմանը»։

«Մեզնից նրանք, ովքեր տարիներ շարունակ փաստագրել են իրականում տեղի ունեցածը, այս խոստովանությունը այլ կերպ են հասկանում։ Սա ինքնախոստովանություն է։ ՀՀ Սահմանադրությամբ՝ ինքնիշխան տարածքի մի հատվածի միտումնավոր հանձնումը և ռազմական պարտության կազմակերպումը համարվում են պետական դավաճանության գործողություններ»,- նշում է Գրիգորյանը։

Դոկտոր Դավիթ Գրիգորյանն իր հոդվածում ընդգծում է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար սովորական քաղաքական գործընթաց չեն. Նիկոլ Փաշինյանի համար դա «անձնական գոյատևման հարց է»։

Հեղինակը նշում է, որ 8% վարկանիշ ունեցող առաջնորդը, ինչը աշխարհի պետությունների ղեկավարների շրջանում ամենացածր ցուցանիշներից մեկն է, չի կարող հաղթել ազատ և արդար ընտրություններում։ Հետևաբար, ըստ հոդվածագրի, Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ պարտվել և կանգնել պատասխանատվության առաջ, կա՛մ ապահովել, որ ընտրությունները չլինեն ազատ ու արդար։

Հեղինակը մանրամասնում է այն մեխանիզմները, որոնք արդեն իսկ գործի են դրվել։ Անդրադառնալով քաղաքական հետապնդումներին՝ հոդվածագիրը նշվում է, որ բռնաճնշումների թիրախում են հայտնվել թե՛ խոշոր գործարար շրջանակները, թե՛ քաղաքական ուժերը։ Հայաստանի առաջատար ընդդիմադիր գործարարը և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գլխավոր ֆինանսական աջակից Սամվել Կարապետյանը ձերբակալվել է դեռևս 2025 թվականի հունիսին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի շինծու մեղադրանքով։ Ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ նրա տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով, ինչը, ըստ հեղինակի, նպատակ ունի թույլ չտալու նրան անձամբ մասնակցել նախընտրական քարոզչությանը։

Բացի այդ, բանտարկված է մնում Վարուժան Ավետիսյանը՝ Հայաստանի ամենախոշոր արևմտամետ ընդդիմադիր ուժի՝ «Ազգային ժողովրդավարական բևեռի» առաջնորդը։ Նա 2023 թվականի մայիսից գտնվում է անազատության մեջ՝ քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով։

Գրիգորյանը ներկայացնում է դատական համակարգի կախվածության ցնցող մի օրինակ. Սամվել Կարապետյանին կալանավորելու նախնական որոշումը հրապարակվել էր Փաշինյանների ընտանիքին պատկանող կայքում (Հայկական ժամանակ) դատարանի պաշտոնական որոշումից մեկ օր առաջ։ Հեղինակի խոսքով՝ սա վառ կերպով պատկերում է Փաշինյանի կառավարության լիակատար վերահսկողությունը դատական իշխանության վրա։

Հեղինակը շեշտում է Փաշինյանի կողմից կիրառվող ագրեսիվ հռետորաբանությունը։ Ազգային ժողովի ամբիոնից նա ընդդիմադիր ընտրողներին անվանել է «շուն ու շանգյալ»։ Ավելին, Երևանի մետրոյում Փաշինյանը հրապարակավ հանդիմանել է Արցախից բռնի տեղահանված մի երիտասարդ կնոջ ու նրա մանկահասակ տղային։

Դոկտոր Գրիգորյանը կարծիք է հայտնում, թե Փաշինյանը կիրառում է վախի մթնոլորտը՝ սեփական ժողովրդին սպառնալով նոր պատերազմով և ադրբեջանական նոր ներխուժմամբ, եթե ինքը չվերընտրվի։ Նա այս առումով մեջբերում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի որակումը, որ սա «հիբրիդային պատերազմ» է սեփական ժողովրդի դեմ։

Հեղինակը մատնանշում է նաև ՔՊ-ի կողմից նախաձեռնված օրենսդրական վերջին փոփոխությունը Ընտրական օրենսգրքում։ Այդ փոփոխություններով իշխանություններն իրենց համար անցանկալի ընտրական դիտորդներին որակազրկելու լայն լիազորություններ են ստացել։ «Թրանսփարենսի Ինթերնաթիոնալ» հակակոռուպցիոն կենտրոնն արդեն իսկ նախազգուշացրել է, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ գոյություն չունեն՝ վկայակոչելով վարչական ռեսուրսների համատարած չարաշահումը։

Հոդվածում քննադատվում է նաև Արևմուտքի ներկայիս դիրքորոշումը՝ նշելով, որ միջազգային հանրության գործողությունները ոչ միայն չեն կանխում, այլև որոշ դեպքերում նպաստում են ժողովրդավարական հետընթացին Հայաստանում։
Ըստ հեղինակի՝ Եվրամիությունը միայն խորացրել է առկա խնդիրը։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ «ապատեղեկատվությանը հակազդելու» նպատակով տրամադրված 14 միլիոն եվրոյի փաթեթը, զուգորդված «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» հետ, ըստ էության, Փաշինյանին լեգիտիմության կնիք և հզոր ինստիտուցիոնալ ռեսուրսներ է ընձեռել։ Դոկտոր Գրիգորյանն ընդգծում է, որ դա արվում է հենց այն պահին, երբ վարչապետն ունի այդ աջակցության կարիքը։ Հայաստանի ընդդիմությունն արդեն իսկ նախազգուշացրել է, որ ԵՄ այս քաղաքականությունը կարող է «կանաչ լույս» հանդիսանալ ընտրական մանիպուլյացիաների համար։

Հոդվածում քննադատության սլաքներ են ուղղվում նաև Վաշինգտոնի կողմը։ Նշվում է, որ Թրամփի վարչակազմը ակնհայտորեն լռում է փետրվարին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցից հետո։ Հեղինակն այս լռությունը և ներկայիս քաղաքականությունը «անբավարար» է որակում ստեղծված իրավիճակի լրջության համատեքստում։

Դոկտոր Գրիգորյանն ընդգծում է, որ Հայաստանի ընտրությունների նշանակությունը դուրս է գալիս երկրի սահմաններից՝ ուղղակիորեն առնչվելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերին։ Այն ժամանակ, երբ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում Իրանն է, Հայաստանի դիրքավորումը դառնում է առանցքային։
Հեղինակը նախազգուշացնում է, որ «գողացված» ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը լուրջ ռիսկեր է պարունակում Սպիտակ տան համար։ Նա Փաշինյանին բնութագրում է որպես «անվստահելի գործընկեր», ով վարում է երկդիմի քաղաքականություն. մի կողմից պարբերաբար հանդիպումներ է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մյուս կողմից՝ անցյալ տարի Սպիտակ տանը կայացած բարձր մակարդակի հանդիպումից ընդամենը օրեր անց, ռազմավարական գործընկերության պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ։

Ըստ հոդվածի՝ նման անկանխատեսելի առաջնորդի մնալը իշխանության ղեկին կարող է ձախողել և լուրջ վտանգի տակ դնել Վաշինգտոնի հետ իրականացվող ցանկացած տարածաշրջանային ծրագիր ու նախագիծ։

Հոդվածի ավարտին դոկտոր Գրիգորյանը հստակ գործողությունների պլան է առաջարկում միջազգային դերակատարներին՝ ընդգծելով, որ մինչև հունիսի 7-ը պետք է իրականացվեն հետևյալ երեք քայլերը.

«Երեք բան պետք է տեղի ունենա մինչև հունիսի 7-ը։

Նախ՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է համատեղ տեղակայեն ընտրական դիտորդներ։

Երկրորդ՝ նրանք պետք է սկսեն ուղղակի կապեր հաստատել արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների հետ։

Վերջապես, նրանք պետք է հստակ հասկացնեն, որ քաղաքական հակառակորդներին բանտարկելը և հայ եկեղեցու վրա հարձակումները չեն հանդուրժվելու»։

Հեղինակը նշում է, որ Փաշինյանը հույսը դրել է միջազգային հանրության անտարբերության վրա, ինչն անցյալում նրան հաջողվել է։ Սակայն, ըստ Գրիգորյանի, Հայաստանի ժողովուրդը, որն արդեն իսկ արտակարգ ծանր գին է վճարել աշխարհի անուշադրության համար, այս անգամ արժանի է ավելիին։

Անի Կեսոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *