Վրաստանի պատրիարքական գահի համար առաջադրվել է երեք թեկնածու։ Եթե նրանցից թեկուզ մեկն առաջին փուլում ստանա 20 ձայն, ապա երկրորդ փուլ չի պահանջվի, իսկ եթե երեք թեկնածուներից ոչ մեկը չստանա 20 կամ ավելի ձայն, ապա երկրորդ փուլը կանցկացվի ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուների միջև նույն օրը, հայտնել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ ընդլայնված եկեղեցական ժողովը կկայանա սահմանված ժամկետից, այսինքն՝ մայիսի 17-ից ոչ ուշ։
«Ժողովը կոչվում է ընդլայնված, որովհետև դրան մասնակցելու են բոլոր թեմերի, բոլոր վանքերի և բարձրագույն հոգևոր դպրոցների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական անձինք հասարակության տարբեր շերտերից, և քվեարկությունն անցկացվելու է նրանց ներկայությամբ։ Պատվիրակն իրավունք ունի ելույթ ունենալու, և դա ևս նախապես կորոշվի։ Պատվիրակների թիվը ճշտվում է, ընդհանուր առմամբ կլինի մոտ 2 000 մարդ»,– ասել է Անդրիա Ջաղմաիձեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել Սուրբ Սինոդի նիստ, որի ընթացքում ընտրվել են պատրիարքի պաշտոնի երեք թեկնածուները։
Թեկնածուներն են՝ կաթողիկոս-պատրիարքի գահապահ, Սենակիի և Չխորոցղուի միտրոպոլիտ Շիոնը (Մուջիրի), Մրովելի-Ուրբնիսիի միտրոպոլիտ Հովբը (Ակիաշվիլի), ինչպես նաև Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիճաշվիլի)։