Կանադայի ԱԳ նախարար տիկին Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:
Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Տիկին Անիտա Անանդը կարճ շրջայց ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:

