«Սև հայելին» ավելի է մոտենում․ Սեուլի բուդդայական տաճարը հումանոիդ ռոբոտին ձեռնադրել է որպես նորակոչիկ վանական

Հարավային Կորեայում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ոմանք անվանում են ֆուտուրիստական առաջընթաց, իսկ մյուսները՝ իսկական «սև հայելու» սկիզբ։ Սեուլի Չոգեսա բուդդայական տաճարում Գաբի անունով հումանոիդ ռոբոտը պաշտոնապես ընդունել է բուդդայական ուխտերը և դարձել է կորեական բուդդիզմի պատմության մեջ առաջին «ռոբոտ-նորակոչիկը», հայտնում է Interesting Engineering-ը։

Արարողությունը կայացել է Բուդդայի ծննդյան տոնի նախօրեին։

Մոտ 130 սանտիմետր բարձրությամբ ռոբոտը հայտնվել է ավանդական մոխրագորշ վանական հանդերձանքով, ափերը միացրել էր աղոթքի ժեստով և վանականների հետ միասին խոնարհվում էր։

Ծեսի ընթացքում նրան տվեցին «Գաբի» հոգևոր անունը՝ «ողորմածություն» բառից ածանցյալ։ Երբ վանականներից մեկը հարցրեց՝ պատրա՞ստ է արդյոք իրեն նվիրել Բուդդայի ուսմունքին, ռոբոտը մարդկային ձայնով պատասխանեց․ «Այո, ես ինձ կնվիրեմ»։

Հատկապես անսովոր էր բուդդայական կանոնների հարմարեցումը հատուկ մեքենայի համար։ Ավանդական հինգ պատվիրանները վերաշարադրվեցին արհեստական բանականության համար։

Նոր «ռոբո-պատվիրանների» թվում են՝ մարդկանց և մյուս ռոբոտներին վնաս չպատճառելը, չխաբելը, կյանքը հարգել, ենթարկվել մարդուն և նույնիսկ «չգերազանցել էներգիայի ծախսը և չվերալիցքավորել մարտկոցները»։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այս կանոնները ստեղծելիս օգտագործվել են Gemini-ի և ChatGPT-ի նման արհեստական բանականության համակարգեր։

Արարողության կազմակերպիչները շեշտում են, որ խոսքը կենդանի վանականներին փոխարինելու մասին չէ։ Բուդդայական Չոգե օրդենի ներկայացուցիչների խոսքով՝ ռոբոտն առաջին հերթին անհրաժեշտ է երիտասարդությանը ներգրավելու և ցույց տալու համար, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները համակեցության մեջ լինել կրոնական ավանդույթների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *