ԱՄՆ պետքարտուղարությունը հետ կվերցնի անձնագրերը ալիմենտի պարտք ունեցողներից

ԱՄՆ պետքարտուղարությունը ուրբաթ օրվանից կսկսի վերցնել այն քաղաքացիների անձնագրերը, որոնք ալիմենտի զգալի պարտք ունեն։ Այս միջոցն առաջին անգամ կկիրառվի ոչ միայն փաստաթղթի երկարաձգման դիմումի, այլ նաև գործող անձնագրերի դեպքում, վկայում են գերատեսչության պարզաբանումները, որոնք ներկայացրել է Associated Press-ը (AP)։

Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության (HHS) տվյալներով՝ առաջինը ծրագրի թիրախում կհայտնվի մոտ 2,7 հազար մարդ, որոնց պարտքը գերազանցում է 100 հազար դոլարը։ Հետագայում մեխանիզմը կկիրառվի բոլոր այն ծնողների նկատմամբ, որոնց պարտքը գերազանցում է 2,5 հազար դոլարը՝ 1996 թվականի դաշնային օրենքով սահմանված շեմը, որը երկար ժամանակ գործնականում գրեթե չէր կիրառվում։

HHS-ը դեռ հավաքում է նահանգային գործակալություններից ստացված տվյալները, ուստի հաստատված շեմը գերազանցող պարտք ունեցող քաղաքացիների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Գերատեսչությունը ենթադրում է, որ խոսքը կարող է վերաբերել անձնագիր ունեցող «հազարավորներնի»։

Հյուպատոսական հարցերով պետքարտուղարի օգնական Մորա Նամդարը հայտնել է, որ ծրագրի ընդլայնումը նպատակ ունի բարձրացնել ալիմենտների վճարումը։ «Այս գործելակերպը ցույց է տվել իր արդյունավետությունը. պարտքի կարգավորումից հետո քաղաքացիները կրկին կկարողանան օգտվել ԱՄՆ անձնագիր ունենալու արտոնությունից», – նշել է նա։

Պետքարտուղարության տվյալներով՝ AP հրապարակումից հետո, որը փետրվարին տեղեկացնում էր ծրագրի նախատեսվող ընդլայնման մասին, հարյուրավոր ծնողներ մարել են նահանգային իշխանություններին ունեցած իրենց պարտքը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ չի կարող հաստատել ուղղակի պատճառահետևանքային կապ, սակայն անձնագրերի հետկանչը համարում է արդյունավետ գործիք։ Ծրագրի մեկնարկից՝ 1998 թվականից ի վեր նահանգները հավաքել են մոտ 657 միլիոն դոլար ուշացած վճարներ, այդ թվում՝ ավելի քան 156 միլիոն դոլար միանվագ վճարներ վերջին հինգ տարում։

Այն քաղաքացիները, որոնց անձնագրերը հետ կկանչվեն, կստանան ծանուցում՝ այդ փաստաթուղթը ճանապարհորդության համար օգտագործելու անհնարինության մասին։ Նոր անձնագիր ձևակերպելու համար անհրաժեշտ կլինի հաստատել պարտքի ամբողջական մարումը։ Արտերկրում գտնվողներին ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում կտրվի արտակարգ ճանապարհային փաստաթուղթ՝ երկիր վերադառնալու համար։

/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *