Իսրայելում մեղադրանք է առաջադրվել հրեա տղամարդու նկատմամբ, որը կասկածվում է Երուսաղեմի Հին քաղաքի մոտ կաթոլիկ միանձնուհու վրա դաժան հարձակման մեջ։ Դեպքը մեծ արձագանք է առաջացրել միջազգային և քրիստոնեական շրջանակներում՝ կրկին ուշադրություն հրավիրելով Սուրբ քաղաքում քրիստոնյաների դեմ աճող բռնությունների վրա։
Մեղադրյալը 36-ամյա Յոնա Շրայբերն է՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի Պեդուել բնակավայրից։ Քննության տվյալներով՝ նա հարձակվել է կնոջ վրա միայն այն պատճառով, որ վերջինս կրում էր կաթոլիկ միանձնուհու հանդերձանք։ Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմի Հին քաղաքի պարիսպների հարևանությամբ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը նախ հրել է միանձնուհուն, ապա հարվածել նրան, երբ նա ընկած է եղել գետնին։ Նա նաև հարձակվել է անցորդի վրա, որը փորձել է կանգնեցնել բռնությունը։ Շրայբերին մեղադրում են կրոնական ատելությամբ պայմանավորված հարձակման մեջ։
Վերջին տարիներին կրոնական խմբերը հաճախ են ահազանգում, որ Երուսաղեմում աճում են քրիստոնյաների, ուխտավորների և հոգևորականների դեմ ոտնձգությունները։ Խոսքը վերաբերում է ինչպես վիրավորանքներին ու թքելուն, այնպես էլ ֆիզիկական հարձակումներին, որոնցում հաճախ մեղադրվում են ծայրահեղական ուլտրաօրթոդոքս հրեաներ։ Նշենք, որ Իսրայելի ոստիկանությունը սահմանափակել էր մուտքը Երուսաղեմի սրբավայրեր՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին անվտանգության նկատառումներով։