ԱՄՆ-ում դատարանը Ֆլորիդայի չորս բնակիչների մեղավոր է ճանաչել Հայիթիի նախագահի սպանության գործով

Հարավային Ֆլորիդայից չորս տղամարդ ուրբաթ օրը մեղավոր են ճանաչվել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության դավադրության մեջ՝ ներգրավելով վարձկանների, որպեսզի սպանեն նրան Պորտ-օ-Պրենսի իր տանը, հաղորդում է Reuters-ը։

Մայամիի դաշնային դատարանում տեղի ունեցած ինը շաբաթ տևած դատավարության ընթացքում դատախազները պնդել են, որ այս մարդիկ հավաքագրել են երկու տասնյակ նախկին կոլումբիացի զինվորների և նրանց տրամադրել գումար, զենք, զինամթերք ու մարտավարական ժիլետներ՝ Մոիզիի սպանության նպատակով դավադրության շրջանակում։

53-ամյա նախագահը գնդակահարվել է 2021 թվականի հուլիսին Պորտ-օ-Պրենսի վերևի բլուրներում գտնվող իր մասնավոր նստավայրում։

Դատարանի առաջ են կանգնել 53-ամյա Արկանժել Պրելետ Օրտիսը՝ ՖԲՀ-ի նախկին տեղեկատու, Կոլումբիայի քաղաքացի և ԱՄՆ-ի մշտական բնակիչ, 62-ամյա Անտոնիո Ինտրիագոն՝ վենեսուելա-ամերիկացի անվտանգության ընկերության սեփականատեր, 40-ամյա Ջեյմս Սոլաժեսը և 57-ամյա Ուոլթեր Վեյնթեմիլան՝ էկվադորցի ամերիկացի։

Նրանք մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով՝ ԱՄՆ-ից դուրս սպանության և առևանգման նպատակով դավադրության մեջ, որը հանգեցրել է մահվան, ինչպես նաև հանցագործություն կատարելու համար նյութական աջակցություն կամ ռեսուրսներ տրամադրելու։

Չորս տղամարդկանց էլ սպառնում է ցմահ ազատազրկում։ Հինգերորդ մեղադրյալը՝ Քրիստիան Էմանուել Սանոնը, հայիթյան ծագմամբ բժիշկ է, որը, ըստ դատական փաստաթղթերի, ցանկանում էր դառնալ նախագահ Մոիզիի սպանությունից հետո։ Նա առողջական խնդիրների պատճառով ավելի ուշ կներկայանա դատարան։

Այս սպանությունը դարձել է Հայիթիում և ԱՄՆ-ում բազմաթիվ հետաքննությունների ու մեղադրանքների պատճառ՝ միաժամանակ ծնելով հակասական տեսություններ այն մասին, թե ով է պատվիրել այդ սպանությունը և ինչու։

Մոիզիի մահը, որը հրաժարվել էր թողնել պաշտոնը՝ 2021 թվականի փետրվարին իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո, խորացրել է երկրում քաղաքական անկայունությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *