ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը վճռորոշ դեր է խաղում ռազմական ռազմավարության ձևավորման հարցում (իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկտեղ), հայտնում է CNN հեռուստաալիքը։
Զեկույցներում նշվում է, որ ներկայիս պառակտված վարչակարգի շրջանակներում հստակ լիազորությունները մնում են անորոշ, սակայն Մոջթաբա Խամենեին, հավանաբար, օգնում է ուղղորդել ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման շուրջ Իրանի բանակցությունները։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Խամենեին հանրությանը չի երևացել այն բանից հետո, երբ ծանր վիրավորում է ստացել հարձակման ժամանակ, որի հետևանքով պատերազմի սկզբում զոհվել էին նրա հայրը և երկրի մի քանի բարձրագույն ռազմական ղեկավարներ։ Սա հանգեցրել է նրա առողջական վիճակի և իրանական ղեկավարության կառուցվածքում ունեցած դերի վերաբերյալ տարաբնույթ ենթադրությունների։
Թրամփի վարչակազմը շարունակում է ձգտել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Արդեն մեկ ամսից ավելի է ինչ զինադադար է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետախուզությունը գտնում է, որ Իրանը շարունակում է օգուտներ քաղել ԱՄՆ ռմբակոծություններից, որոնք Իրանի զգալի ռազմական ներուժը թողել են անձեռնմխելի վիճակում և թույլ են տվել նրան գոյատևել ամերիկյան շրջափակման ևս մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խամենեին Իրանի նոր գերագույն առաջնորդ է հայտարարվել հոր մահից հետո՝ վիրավորվելուն հաջորդած օրերին, սակայն մինչ օրս ԱՄՆ հետախուզական հանրությունը չի կարողացել տեսողականորեն հաստատել նրա գտնվելու վայրը», – հայտնել են աղբյուրները։
Աղբյուրներից մեկը հավելել է, որ անորոշությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ Խամենեին չի օգտվում հաղորդակցության որևէ էլեկտրոնային միջոցից և շփվում է միայն նրանց հետ, ովքեր կարող են այցելել իրեն անձամբ կամ հաղորդագրություններ ուղարկել սուրհանդակի միջոցով։
Աղբյուրները նաև նշել են, որ Խամենեին «մնում է մեկուսացված, քանի որ շարունակում է բժշկական օգնություն ստանալ իր վնասվածքների, այդ թվում՝ մարմնի մի կողմի՝ դեմքի, ձեռքի, իրանի և ոտքի ծանր այրվածքների պատճառով»։
Ինչպես պնդում է CNN-ը, Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի բաժնի ղեկավար Մազահեր Հոսեյնին ուրբաթ օրը հայտարարել է, թե Խամենեին ապաքինվում է ստացած վնասվածքներից և «այժմ լիովին առողջ է»։ Հոսեյնին ասել է, որ Խամենեիի ոտքը և գոտկատեղը թեթևակի վնասվել են, իսկ բեկորի մի փոքր կտոր դիպել է ականջի հետնամասին, սակայն վերքերն արդեն լավանում են։
Այն ամենը, ինչ ամերիկացի պաշտոնյաներին հայտնի է Խամենեիի կարգավիճակի մասին, հիմնված է նրա հետ շփվող անձանցից ստացված տեղեկատվության վրա, հայտնել են տեղյակ աղբյուրները։
Այնուամենայնիվ, հետախուզության վերլուծաբանները որոշակի կասկածներ ունեն այն հարցում, թե արդյոք Իրանի իշխանական կառույցների որոշ ներկայացուցիչներ կարող են ձևացնել, թե հասանելիություն ունեն Խամենեիին՝ նրա հեղինակությունն իրենց սեփական նպատակների համար օգտագործելու նպատակով։ Ամերիկյան հետախուզության զեկույցների համաձայն՝ պատերազմը թուլացրել է Իրանի ռազմական ներուժը, բայց չի ոչնչացրել այն։