Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի խոնարհվի թշնամիների առջև՝ հայտարարելով, որ բանակցությունների ցանկացած ծրագիր չի նշանակում կապիտուլյացիա կամ նահանջ, այլ ուղղված է իրանցի ժողովրդի իրավունքների ապահովմանը և ազգային շահերի հաստատակամ պաշտպանությանը, հայտնում է Tasnim-ը:
Կիրակի օրը Թեհրանում՝ Փեզեշքիանի ներկայությամբ, տեղի է ունեցել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիվ պատերազմի հետևանքով հասցված վնասների վերականգնման հարցերով օպերատիվ խմբի նիստը:
Հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը վերահաստատել է, որ իրանցիները երբեք գլուխ չեն խոնարհի թշնամու առաջ, և երկխոսության կամ բանակցությունների մասին ցանկացած քննարկում չպետք է ընկալվի որպես նահանջ։ Նա հավելել է, որ նման ջանքերի միակ նպատակը ժողովրդի իրավունքների վերականգնումն ու պետական շահերի վճռական պաշտպանությունն է։
Փեզեշքիանը նաև ընդգծել է վնասված տարածքների, հատկապես բնակելի տների վերականգնման աշխատանքների արագացման անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ տուժած ընտանիքների հոգեբանական անդորրի ու հանգստության ապահովումն իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունն է վերականգնողական աշխատանքների և փոխհատուցումների վճարման փուլում։ Նախագահը հավելել է, որ բոլոր գործադիր մարմինները պարտավոր են շարունակել պետական ծառայությունների մատուցումը և առավելագույն համակարգվածություն, օպերատիվություն և միասնականություն ցուցաբերեն այդ գործում։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահը փաստել է, որ հաշվի առնելով ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառած ավերածությունների ու վնասների մասշտաբները՝ երկիրը դեռևս ունի հանրային լայն ներգրավվածության, համերաշխության և սոցիալական կառույցների հետ համագործակցության կարիք։
Նա կոչ է արել հասարակության բոլոր շերտերին միավորել ջանքերը՝ այս դժվարին շրջանը հաջողությամբ հաղթահարելու համար։