Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի տնտեսական հետևանքների ընդլայնմանը զուգահեռ՝ աճում է նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) անդամների շրջանում լարվածությունը։ Ինչպես հայտնում է «CNN» հեռուստաալիքը, խոսքը հատկապես գնաճի դեմ պայքարի համար պատասխանատու պաշտոնյաների մասին է։
Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո՝ մարտի 17-18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել էր, որ հակամարտության ազդեցությունը գնաճի վրա, ամենայն հավանականությամբ, կլինի ժամանակավոր և հիմնականում կսահմանափակվի էներգակիրների ոլորտով։
Դա հույս էր տալիս, որ ընթացիկ տարում տոկոսադրույքը գոնե մեկ անգամ կնվազեցվի։ Այդ ժամանակ Ուոլ սթրիթում դեռ լավատեսություն կար, որ Դոնալդ Թրամփի կողմից ԴՊՀ ղեկավարի պաշտոնում առաջադրված Քևին Ուորշը, հաստատվելու դեպքում, հակված կլինի դրամավարկային քաղաքականության մեղմացմանը։ Սակայն Իրանի հետ պատերազմը ձգձգվել է և արդեն շուրջ տասը շաբաթ է՝ շարունակվում է։ Ապրիլի վերջին կայացած ԴՊՀ վերջին նիստում կարգավորիչ մարմնի ներսում առկա մտահոգություններն արդեն շատ ավելի ակնհայտ են դարձել։
Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) երեք անդամ դեմ են արտահայտվել ամփոփիչ հայտարարությանը՝ չհամաձայնելով քաղաքականության «մեղմացման միտմանը»։ Այն ենթադրում է տոկոսադրույքների հնարավոր հետագա նվազեցում։ Այս ներկայացուցիչները՝ Քլիվլենդի (Բեթ Հեմմաք), Դալասի (Լորի Լոգան) և Մինեապոլիսի (Նիլ Կաշկարի) դաշնային պահուստային բանկերի ղեկավարները, հայտարարել են, որ ԴՊՀ-ն բավարար չափով հաշվի չի առնում տոկոսադրույքների բարձրացման հավանականության աճը։
Փորձագետների կարծիքով՝ նրանց դիրքորոշումը կարող են կիսել նաև կոմիտեի այլ անդամներ, քանի որ 19 մասնակիցներից քվեարկում են միայն 12-ը, և մյուսների կարծիքը միշտ չէ, որ արտացոլվում է վերջնական որոշումներում։ Տնտեսագետները նշում են, որ «մեղմացման միտմանը» դիմադրողների թիվը կարող էր ավելին լինել, քան այս երեք ձայները։
Ըստ նրանց՝ գլխավոր հարցն այն է, թե երբ գնաճային սպասումները դուրս կգան վերահսկողությունից, հատկապես, որ գնաճն արդեն տևական ժամանակ է ինչ բարձր է մնում ԴՊՀ-ի կողմից սահմանված 2% թիրախային մակարդակից։ Ընդ որում, պատերազմի ազդեցությունը չի սահմանափակվում միայն նավթի գներով։
Խաթարվել են մի շարք առանցքային ապրանքների, այդ թվում՝ պարարտանյութերի, հելիումի և ալյումինի մատակարարումները, ինչը հանգեցնում է գների աճի։ Տարբեր ոլորտների ընկերություններ ստիպված են վերակառուցել մատակարարման շղթաները և մշակել հետևանքների մինիմալացման ռազմավարություններ։
Մատակարարման կառավարման ինստիտուտի (ISM) հարցումների համաձայն՝ բիզնեսներն անցնում են վաղաժամ գնումների, մատակարարների դիվերսիֆիկացման և պաշարների ավելացման։ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի (ԴՊԲ) մատակարարման շղթաների գլոբալ ճնշման ինդեքսն ապրիլին բարձրացել է մինչև 1,82 կետ՝ հասնելով 2022 թվականից ի վեր առավելագույն մակարդակին, ինչը համադրելի է հետպանդեմիային համաշխարհային լուրջ խաթարումների ժամանակաշրջանի հետ։ Նյու Յորքի ԴՊԲ նախագահ Ջոն Ուիլյամսը նշել է, որ իրավիճակը հիշեցնում է «2021 թվականի սուր դեֆիցիտն ու ձախողումները»։
Դալասի Դաշնային պահուստային բանկի (ԴՊԲ) ղեկավար Լորի Լոգանը նաև զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը կարող է հանգեցնել մատակարարումների տևական կամ պարբերական ընդհատումների և գնաճային ճնշման ուժգնացման։ Միևնույն ժամանակ, Մինեապոլիսի ԴՊԲ ղեկավար Նիլ Կաշկարին նշել է, որ գնաճի վերաբերյալ երկարաժամկետ սպասումները դեռևս մնում են «կայուն»՝ (թիրախային 2% մակարդակի վրա), ինչը հաստատում են հարցումներն ու շուկայական տվյալները։
Նմանատիպ գնահատական է տվել նաև Ջերոմ Փաուելը։ Այդուհանդերձ, շուկայական ցուցանիշներն արդեն իսկ աճ են արձանագրում. առաջիկա 10 տարիների համար գնաճային սպասումները հասել են վերջին երեք տարվա առավելագույնին՝ բարձրանալով մինչև 2,5%։
ԴՊՀ փոխնախագահ Ֆիլիպ Ջեֆերսոնն ավելի վաղ զգուշացրել էր՝ որքան երկար գնաճը մնա թիրախային մակարդակից բարձր մակարդակում, այնքան կմեծանա ռիսկը, որ այն կամրապնդվի բնակչության սպասումներում, ինչն էլ իր հերթին կդժվարացնի կարգավորող մարմնի առջև դրված նպատակի իրագործումը։