Իրանի դեմ պատերազմը վտանգի տակ է դրել Պարսից ծոցի երկրների «տնտեսական երազանքը»․ WP

Իրանի մասնակցությամբ ռազմական հակամարտությունը ստիպել է Պարսից ծոցի երկրներին վերանայել իրենց արտասահմանյան ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի պետություններում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Խոսքն առաջին հերթին Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի մասին է, որոնք մինչ պատերազմն ակտիվորեն միջոցներ են ներդրել Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի տնտեսությունների մեջ։

2025 թվականի վերջի դրությամբ նման ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվել է 16,2 միլիարդ դոլար։ Ներդրումներն ուղղվել են էներգետիկայի, տրանսպորտի, բանկային համակարգի և ենթակառուցվածքների զարգացմանը։ Առանցքային նախագծերից են կատարական «Lesha Bank»-ի կողմից ղազախական «Bereke Bank»-ի գնումը (134 միլիոն դոլարով), տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում «ACWA Power» ընկերության ներդրումները, ինչպես նաև հողմային ու արևային կայանների կառուցման գործում էմիրաթական հիմնադրամների ներգրավվածությունը։

Այդուհանդերձ, պատերազմը և նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ն ապահովող Հորմուզի նեղուցի նավագնացության խափանումները կտրուկ վատթարացրել են Ծոցի երկրների ֆինանսական վիճակը։

Goldman Sachs-ը կանխատեսում է, որ սահմանափակումների երկարաձգման պարագայում Կատարում և Քուվեյթում ՀՆԱ-ի անկումը կարող է կազմել մինչև 14%, մինչդեռ ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում այն կտատանվի համապատասխանաբար 5% և 3% սահմաններում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տվյալներով՝ տարածաշրջանի տնտեսությանը հասցված համախառն վնասը կարող է տատանվել 120-ից 194 միլիարդ դոլարի սահմաններում։

Այս համապատկերում Ծոցի երկրների ինքնիշխան հիմնադրամները, որոնք կառավարում են շուրջ 5 տրիլիոն դոլարի ակտիվներ, սկսել են միջոցները վերաբաշխել ներքին կարիքների համար՝ ենթակառուցվածքների վերականգնում, պաշտպանության ուժեղացում և ազգային տնտեսությունների աջակցություն։ Արդյունքում արտասահմանյան նախագծերի մի մասը կարող է հետաձգվել կամ կրճատվել։

Առավել խոցելի են դառնում Կենտրոնական Ասիայում իրականացվող ներդրումներշրշշրը, քանի որ առաջնահերթությունը տրվում է ներքին ծախսերին և Արևմուտքում ռազմավարական ներդրումներին։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ կարճաժամկետ կտրվածքով տարածաշրջանում հնարավոր է Պարսից ծոցից եկող կապիտալի տեմպերի անկում, սակայն ռազմավարական առումով Կենտրոնական Ասիան կշարունակի մնալ ներդրողների ուշադրության կենտրոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *