Կրկին վաճառքի է հանվել լեգենդար «Christina O» զբոսանավը։ Նավը հայտնի է նրանով, որ վերջինիս տախտակամածին ծավալվել են 20-րդ դարի ամենաաղմկահարույց իրադարձություններից մի քանիսը, հայտնում է CNN-ը:
Հենց այստեղ է հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսը խնամքով շրջապատել Ժակլին Քենեդի Օնասիսին։ 1968 թվականին տեղի ունեցած հարսանիքից հետո նավը դարձել է Ժակլինի կյանքի նոր գլխի խորհրդանիշը: Այժմ այս լողացող պալատը կարելի է ձեռք բերել մոտ 52 միլիոն եվրոյով, ինչը գրեթե 40%-ով էժան է նախորդ տարվա գնից:
99 մետր երկարությամբ զբոսանավը համարվում է աշխարհի ամենահայտնիներից մեկը: Նրա պատմությունն ամենևին էլ շքեղությունից չի սկսվել. 1943 թվականին այն ջուր է իջեցվել որպես կանադական ռազմական ֆրեգատ՝ «HMCS Stormont», և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է դաշնակիցների շարասյուների ուղեկցմանը (այդ թվում՝ Նորմանդիայում դեսանտային գործողություններին): Պատերազմից հետո Օնասիսը գնել է նավը ջարդոնի գնով՝ ընդամենը 34 հազար դոլարով, ինչից հետո մոտ 4 միլիոն դոլար է ներդրել՝ այն ծովային շքեղության իսկական գլուխգործոցի վերածելու համար:
Christina O-ի վրա հյուրընկալվել են Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Էլիզաբեթ Թեյլորը, Ֆրենկ Սինատրան և աշխարհի բազմաթիվ այլ հայտնի դեմքեր։ Այստեղ անցկացվել են շքեղ երեկույթներ, քաղաքական հանդիպումներ և ռոմանտիկ ժամադրություններ, որոնք որոշել են հայտնի մարդկանց ճակատագիրը։
Նավը պահպանել է բազմաթիվ բացառիկ դետալներ՝ խճանկարային հատակով լողավազանը, որը վերածվում է պարահրապարակի, Չերչիլի գրադարանը, պարուրաձև սանդուղքը և պատմական ինտերիերը, որոնք մանրակրկտորեն վերականգնվել են 2000-ականների սկզբին իրականացված լայնամասշտաբ վերակառուցման ժամանակ:
Այսօր «Christina O»-ն շարունակում է գործել որպես չարտերային սուպերզբոսանավ, որի մեկշաբաթյա վարձույթն արժե հարյուր հազարավոր եվրոներ: Սակայն հիմա ինչ-որ մեկը հնարավորություն ունի դառնալ ոչ թե պարզապես շքեղ նավի, այլ մի իսկական լողացող թանգարանի սեփականատեր, որի տախտակամածին ժամանակին պատմություն է կերտվել: