Սամեբա մայր տաճարում ընթանում է Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ կընտրվի Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարքը։
Ժողովը մեկնարկել է Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգով։
Հյուրերի և պատվիրակների ընդունելությունը տաճարում տեղի է ունեցել ժամը 10:00-ից 12:00-ն, որից հետո սկսվել է ժողովի ընդլայնված նիստը։
Եկեղեցական ժողովին մասնակցում է շուրջ 1200 պատվիրակ։ Նախատեսված են պատրիարքական գահի թեկնածուների, ինչպես նաև թեմերը ներկայացնող պատվիրակների ելույթները։ Բացի այդ, գիտնականներից մեկը հանդես կգա պատմական ակնարկով՝ նվիրված Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսին։
Պատրիարական գահի թեկնածուներն են՝ պատրիարական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Մրովելի-Ուրբնիսիի մետրոպոլիտ Իոբը (Ակիաշվիլի), Փոթիի և Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլին (Բերբիչաշվիլի)։
Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության քվեարկությանը մասնակցում են միայն եպիսկոպոսները։ Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա ժողովի եպիսկոպոս մասնակիցների ձայների կեսից ավելին (այս դեպքում առնվազն 20 ձայն)։
Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-Պատրիարք, Իլիա II-ը, մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։