Երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն ունի նաև ժողովուրդը՝ կոչ անելով քաղաքացիներին ավելի ակտիվ և պատասխանատու մասնակցել քաղաքական գործընթացներին։ Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ընտրություններին և հանրության վերաբերմունքին իշխանությունների նկատմամբ։
«Ասել ենք՝ ժողովուրդ ջան, դուք էլ եք մեղավոր։ Ասում եք՝ չեմ գնում ընտրության, միևնույն է նույնն է լինելու։ Բայց եթե վախենում եք, որ ձեր տղային աշխատանքից կհեռացնեն, գոնե ասեք՝ ոչ մեկին չեմ ընտրում, կամ բոլորին ասեք՝ քեզ եմ ընտրելու»,- նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ հասարակությունը պետք է համախմբվի և միասին փորձի դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից։
«Պետք է իրար կողքի կանգնենք, միասին այս վիճակից դուրս գանք։ Ես հասկանում եմ մարդկանց դրությունը, հասկանում եմ ամբողջ իրավիճակը, բայց բոլորս պետք է պատասխանատվություն վերցնենք»,- ասել է նա։
ԲՀԿ առաջնորդը նաև անդրադարձել է կառուցվող հուշարձանին՝ ընդգծելով, որ այն լինելու է համազգային և պատմական նշանակության նախագիծ։
«Այդ արձանը մենք ազգովի ենք կառուցում։ Դա պատմություն է, հիշողություն է, որը պետք է փոխանցվի ձեր երեխաներին ու թոռներին։ Դուք բոլորդ այդ շինարարության մասնակիցն եք»,- հայտարարել է Ծառուկյանը։
Նա կոչ է արել քաղաքացիներին նախապես տեղեկացնել իրենց մասնակցության մասին, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել այցելությունները և մասնակցությունը հուշարձանի կառուցման աշխատանքներին։