Սպիտակ տանը հրաձգության մեջ մեղադրվողը չի ընդունել մեղքը Թրամփի սպանության փորձի գործով

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի (White House Correspondents’ Dinner) ժամանակ հրաձգություն իրականացնելու մեջ մեղադրվող Քոուլ Ալենը Վաշինգտոնի դաշնային դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության փորձի մեջ,  գրում է The Post-ը։

31-ամյա Ալենին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով.

ԱՄՆ նախագահի սպանության փորձ,

հարձակում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա,

ծանր հանցագործություն կատարելու նպատակով նահանգների սահմաններով հրազենի տեղափոխում,

զենքի կիրառում բռնի հանցագործության ժամանակ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Washington Hilton հյուրանոցում՝ ամենամյա հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել նախագահ Թրամփը և նրա կաբինետի մի քանի անդամներ։ Քննության տվյալներով՝ Ալենը կրակել է ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալի վրա, սակայն զրահաբաճկոնը փրկել է աշխատակցի կյանքը, ինչից հետո կասկածյալը վնասազերծվել է։

Ալենի փաստաբանները պնդում են, որ միջոցառմանը վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը պետք է հանգեցնի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Թոդ Բլանշի և Կոլումբիայի շրջանի դատախազ Ջանին Փիրոյի ինքնաբացարկին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ նրանց ներգրավվածությունը ստեղծում է գործընթացի վրա «ոչ պատշաճ ազդեցության կառուցվածքային տպավորություն»։ Փաստաբան Յուջին Օմը հայտարարել է, որ մտադիր է հասնել ոչ միայն Փիրոյի, այլև նրա ամբողջ դատախազական կազմի հեռացմանը գործից։

Դատավոր Թրևոր Մակֆադենը հաջորդ կարգավիճակային նիստը նշանակել է հունիսի 29-ին, մինչ այդ կողմերը կվիճարկեն դատախազների հնարավոր ինքնաբացարկի հարցը։

Ձերբակալությունից հետո Ալենը գտնվում էր հսկողության տակ՝ ինքնասպանության ռիսկի պատճառով։ Քննությունը շարունակում է ուսումնասիրել հարձակման հնարավոր դրդապատճառները, ինչպես նաև լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու հավանականությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *