Պենտագոնը հրապարակել է տվյալներ ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ միջուկային սպառազինությամբ օժտված ատոմային սուզանավի գտնվելու վայրի մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Թեհրանի հերթական խաղաղության առաջարկը, գրում է The Hill-ը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը երկուշաբթի հայտնել է, որ բալիստիկ հրթիռներով զինված «Օհայո» (Ohio-class) դասի սուզանավը կիրակի օրը ժամանել է Ջիբրալթար՝ Իսպանիայի հարավային ափին տեղակայված բրիտանական տարածք։
«Նավահանգիստ կատարած այցը ցուցադրում է ԱՄՆ հնարավորությունները, ճկունությունը և անշեղ հավատարմությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,- ասված է Վեցերորդ նավատորմի մամուլի հաղորդագրության մեջ։- «Օհայո» դասի սուզանավերը բալիստիկ հրթիռների արձակման անորսալի հարթակներ են՝ Միացյալ Նահանգներին ապահովելով միջուկային տրիադայի ամենակենսունակ բաղադրիչը»։
Պենտագոնը չի բացահայտել կոնկրետ սուզանավի անունը, որը համարվում է ամերիկյան բանակի ամենագաղտնի սպառազինություններից մեկը։ Որպես կանոն, միջուկային զենք կրող ԱՄՆ ատոմային սուզանավերի տեղակայման վայրը խստիվ գաղտնի է պահվում։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը գտնվում է «կենսապահովման սարքի տակ» (life support) և այն բնութագրել էր որպես «անհավանական թույլ»։
Իրանն իր պահանջները շարադրել էր պատասխան առաջարկի մեջ, որը, ըստ առկա տվյալների, ներառում էր.
ռազմական տուգանքների վճարում,
Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում,
ԱՄՆ պատժամիջոցների լիակատար չեղարկում։
Կիրակի օրը նախագահն այս առաջարկն անվանել էր «բացարձակապես անընդունելի»։
«Օհայո» դասի սուզանավային նավատորմը բաղկացած է 14 բալիստիկ հրթիռներով (SSBN) և 4 թևավոր հրթիռներով (SSGN) ատոմային սուզանավերից։ Դրանք օժտված են բարձր ցածր տեսանելիությամբ և կարող են կրել Trident II (D5) բալիստիկ հրթիռներ։ Թևավոր հրթիռներով տարբերակները կարող են իրենց բորտում ունենալ ավելի քան 150 Tomahawk հրթիռ։