Միացյալ Նահանգներն ուժեղացրել են ճնշումը Կուբայի բարձրագույն ղեկավարության վրա՝ գործի դնելով դիվանագիտական, տնտեսական և ռազմական լծակներ։ Հավանայում աճում են մտավախությունները կղզի Վաշինգտոնի հնարավոր ռազմական ներխուժման վերաբերյալ, գրում է Newsweek-ը։
Դոնալդ Թրամփի վարչակազմը վաղուց է թիրախավորել Կուբայի ղեկավարությանը։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնը խիստ պատժամիջոցներ է սահմանել և աջակցում է դեպի կղզի վառելիքի մատակարարումների գրեթե ամբողջական շրջափակմանը, որը գործում է հունվարից։ Բազմամյա էմբարգոյից արդեն իսկ թուլացած Կուբան հայտնվել է էլեկտրաէներգիայի անջատումների շղթայի մեջ, փողոցներում կուտակվում է աղբը, իսկ կենսական նշանակություն ունեցող զբոսաշրջության ոլորտը գրեթե անհետացել է։
Գործողության նախապատրաստման նշաններ
ԱՄՆ-ն ավելացրել է հետախուզական թռիչքների քանակը Կուբայի ափերի մոտ։ Սպիտակ տունը բազմիցս ակնարկել է կղզու հնարավոր ուժային զավթման մասին այն բանից հետո, երբ 2026 թվականի սկզբին ամերիկյան զորքերը մտան Վենեսուելա և ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոյին։
«Կուբան ձախողված պետություն է (failing nation), որը տարիներ շարունակ սարսափելի է կառավարվել»,- Newsweek-ին երկուշաբթի տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Վենեսուելայի դեմ ԱՄՆ գործողությունները ծանր հարված են հասցրել Հավանային։ Թրամփն ավելի վաղ կատակել էր, թե ԱՄՆ-ն կարող է «գրեթե ակնթարթորեն» զավթել կղզին՝ ենթադրելով, որ USS Abraham Lincoln խոշորագույն ավիակիրը կարող է մոտենալ կուբայական ափերին և ստիպել իշխանություններին հանձնվել Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Հավանայի պատասխանը
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկացած հարձակման դեպքում երկիրը կպատասխանի պարտիզանական պատերազմի մեթոդներով, ինչը «հսկայական կորուստներ» կպատճառի երկու կողմերին։ Հավանան ընդգծում է, որ չի ընկրկի վախեցնելու փորձերի առաջ, թեև սպառնալիքները հասել են «վտանգավոր» մակարդակի։
Հետախուզական ակտիվության բռնկում
Փետրվարի սկզբից ամերիկյան զինվորականները Կուբայի մոտ իրականացրել են ավելի քան երկու տասնյակ թռիչքներ՝ օգտագործելով.
Հետախուզական անօդաչու թռչող սարքեր, RC-135V Rivet Joint ինքնաթիռներ. սրանք մասնագիտացված են էլեկտրոնային ազդանշանների որսման և ՀՕՊ (Հակաօդային պաշտպանություն) համակարգերի տեղակայման վայրերը որոշելու մեջ։
Վերլուծաբանները նկատում են, որ հետախուզական թռիչքների նմանատիպ աճ դիտվել է ԱՄՆ-ի՝ Վենեսուելայում իրականացված գործողություններից և փետրվարի վերջին Իրանին հարվածներ հասցնելուց անմիջապես առաջ։
Նոր պատժամիջոցներ և հումանիտար ճգնաժամ
Անցյալ հինգշաբթի ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց կուբայական զինվորականների «բիզնես կայսրության» և Կանադայի հետ համատեղ ձեռնարկության դեմ։ Դա տեղի ունեցավ ՄԱԿ-ի այն նախազգուշացումից քիչ անց, ըստ որի՝ կղզու էներգետիկ շրջափակումը հանգեցնում է «էներգետիկ սովի» և խախտում մարդու իրավունքները։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Հավանան չի իրականացրել «բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումները»։ Ի պատասխան՝ Դիաս-Կանելը այս միջոցներն անվանել է «միակողմանի ագրեսիա մի ժողովրդի դեմ, որն ուզում է ապրել խաղաղության մեջ»։
Ընթացիկ իրավիճակը
Ըստ Associated Press-ի աղբյուրների՝ Վաշինգտոնն անհապաղ ռազմական գործողություններ չի ծրագրում, սակայն Թրամփը շարունակում է պնդել, որ Կուբան կարող է դառնալ հաջորդ թիրախը Մերձավոր Արևելքում գործողությունների ավարտից հետո։
Պատվիրակությունների միջև բանակցությունները հաջողություն չեն ունեցել։ ԱՄՆ պաշտոնյաները չեն հավատում, որ Հավանան կընդունի հումանիտար օգնության առաջարկը՝ բարեփոխումների, ենթակառուցվածքային աջակցության և Starlink համակարգի միջոցով անվճար ինտերնետի տրամադրման դիմաց։