Տավուշի մարզի Զորական գյուղում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի ծրագրերը

Պետությունը պետք է ֆերմերներին ապահովի աջակցության ամբողջական շղթայով՝ որակյալ սերմնանյութի տրամադրումից մինչև բերքի երաշխավորված գնում։ Սա պետք է իրականացվի նախապես հայտնի գներով, որպեսզի գյուղատնտեսությունը դադարի բախտի բան լինելուց։ Այս մասին մայիսի 12-ին Տավուշի մարզի Զորական գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ այսօր երկրում ստեղծվել է օրհասական իրավիճակ, երբ վերամշակող և մթերող հզորությունների պակասի պատճառով արտադրողը մեն-մենակ է մնում իր բերքի հետ։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ ագրարային ոլորտի խնդիրների ուսումնասիրության ժամանակ ակնհայտ է դարձել, որ նույնիսկ առատ բերքի դեպքում գյուղացիներն ուղղակի տեղ չունեն այն հանձնելու։

Նրա խոսքով՝ երկրում գործում են ընդամենը մի քանի պահածոների և կոնյակի գործարաններ, որոնցից շատերն էլ փակվել են, ինչը մթերման կայանների համակարգի ստեղծումը դարձնում է կենսականորեն կարևոր։ «Երբ մենք առաջին անգամ սկսեցինք խորանալ, տեսանք գլխավոր խնդիրը՝ մարդը արտադրեց, բերքը եղավ, որտե՞ղ ծախի», – պարզաբանել է ընդդիմադիր գործիչը՝ մատնանշելով պետական իրացման ենթակառուցվածքների բացակայությունը։

Կարապետյանը մանրամասն նկարագրել է առաջարկվող մթերման կայանների աշխատանքի մեխանիզմը, որոնք պետք է հենարան դառնան գյուղաբնակների համար։ Նա պարզաբանել է, որ նման կայանները ոչ միայն գնելու են արտադրանքը, այլև ֆերմերներին ապահովելու են անհրաժեշտ ռեսուրսներով։ «Ի՞նչ է անում մթերման կայանը. տարվա սկզբից այն տրամադրում է սերմացու, հետո սելիտրա է տալիս, իսկ փոխարենը ստանում է պատրաստի արտադրանքը և գումար է վճարում»,- ընդգծել է նա։

Նարեկ Կարապետյանը հավելել է, որ նման համակարգի դեպքում գյուղացին արդեն տարվա սկզբին հստակ կիմանա իր աշխատանքի պտուղների իրացման պայմանները, ինչը թույլ կտա վստահորեն պլանավորել աշխատանքն ու եկամուտները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *