ԱՄՆ-ի զանգվածային հարվածներից հետո Իրանը կարողացել է վերականգնել Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող իր 33 հրթիռային բազաներից 30-ի նկատմամբ հասանելիությունը։ Այս մասին The New York Times (NYT) պարբերականին հայտնել են ամերիկյան հետախուզության գնահատականներին ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ բազաները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն կրկին գործում են՝ անմիջական սպառնալիք ներկայացնելով նեղուցում գտնվող ամերիկյան ռազմանավերի և նավթակիր տանկերների համար։
Բացի այդ, ամերիկյան հետախուզության տվյալներից հետևում է, որ Իրանը պահպանել է ամբողջ երկրում առկա արձակման կայանքների մոտ 70%-ը, ինչպես նաև իր նախապատերազմյան հրթիռային արսենալի շուրջ 70%-ը։ Խոսքը բալիստիկ հրթիռների մասին է, որոնք ընդունակ են խոցել տարածաշրջանի այլ երկրներ, ինչպես նաև թևավոր հրթիռների, որոնք կարող են օգտագործվել ցամաքային կամ ծովային ավելի մոտ թիրախներին հարվածելու համար։ Սրանից բացի, արբանյակային լուսանկարները և դիտարկման այլ միջոցները վկայում են, որ Իրանը կարողացել է վերականգնել երկրի տարածքում գտնվող իր ստորգետնյա հրթիռային պահեստների և արձակման կայանքների մոտ 90%-ի նկատմամբ ունեցած վերահսկողությունը։
Ինչպես նշում է NYT-ը, հետախուզության այս տվյալները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հրապարակային այն հայտարարություններին, թե իրանական բանակը «ոչնչացված է» և այլևս սպառնալիք «չի ներկայացնում»։
Մինչ այս NBC News-ի աղբյուրները հայտնել էին, որ Իրանը որոշել է օգտագործել ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմը՝ իր ռազմական ներուժը, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու համակարգերը վերականգնելու համար։ Մասնավորապես, CNN-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, գրել էր, որ իրանցի զինվորականները զբաղված են այն փլատակների մաքրմամբ, որոնք արգելափակում են հրթիռային կայանքներով ստորգետնյա պահեստների մուտքերը։ Ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հատուկ հարվածներ են հասցրել իրանական բազաների մուտքերին, որպեսզի Թեհրանին զրկեն դրանք գետնի տակից հանելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ, Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Իրանի հետ բանակցություններից և լրջորեն դիտարկում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, հայտնել են CNN-ի աղբյուրները։ NBC News-ի տվյալներով՝ զինադադարի ավարտի դեպքում Պենտագոնը մտադիր է շարունակել Իրանի դեմ «Էպիկական ցասում» ռազմական գործողությունը և տալ վերջինիս նոր անվանում՝ «Մուրճ»։
Միևնույն ժամանակ, Թեհրանը հրաժարվել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ առանց «վստահության ամրապնդման հինգ պայմանների» կատարման. հայտնել է իրանական Fars գործակալությունը: Առաջադրված պայմանների թվում են՝ պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, պատժամիջոցների չեղարկումը, իրանական սառեցված միջոցների ապաշրջափակումը, պատերազմի հասցրած վնասի փոխհատուցումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչումը: Թրամփն ավելի վաղ այս առաջարկն անվանել էր «թույլ» և «անհեթեթ», նշելով, որ այն «մինչև վերջ չի էլ կարդացել»։