Չորեքշաբթի երեկոյան կրակոցներ են հնչել Ֆիլիպինների Սենատի շենքում։ Associated Press-ի և այլ ականատեսների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրավապահները փորձել են ձերբակալել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից հետախուզման մեջ գտնվող սենատորին։ Սենատորը մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։
Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչն է կրակոցների պատճառ դարձել և արդյոք Սենատի շենքում կան տուժածներ, թե ոչ։ Սենատոր Ռոնալդ դելա Ռոսան այնտեղ էր՝ իրեն սատարող գործընկերների պաշտպանության կողքին։ Իրավապահները փորձել են ձերբակալել սենատորին՝ հետագայում նրան Միջազգային քրեական դատարանին հանձնելու համար։
Սենատի նախագահ Ալան Կայետանոն կարճ ժամանակով դուրս է եկել լրագրողների մոտ և հաստատել, որ շենքի անվտանգության ծառայությունն իրեն տեղեկացրել է կրակոցների մասին։ Առանց մանրամասներ հայտնելու՝ նա շտապ հեռացել է՝ հավելելով. «Իրավիճակն այստեղ չափազանց լարված է։ Սա Ֆիլիպինների Սենատն է, և մենք, ըստ ամենայնի, հարձակման ենք ենթարկվել»։
Երկուշաբթի օրը ՄՔԴ-ն հրապարակեց դելա Ռոսայի ձերբակալության օրդերը։ Նա ազգային ոստիկանության նախկին պետն է և առաջինն է սկսել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի «թմրամիջոցների դեմ պայքարի» արշավը։ Այս «թմրապատերազմի» հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել, որոնց մեծ մասը եղել են թմրանյութերի իրացման մեջ կասկածվող մարդիկ։
Դեռևս նոյեմբերին տրված օրդերով դելա Ռոսան մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ մասնավորապես «առնվազն 32 մարդու» սպանության մեջ։ Դեպքերը տեղի են ունեցել 2016-ի հուլիսից մինչև 2018-ի ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում։ Սենատորն այդ ժամանակահատվածում՝ Դուտերտեի կառավարման օրոք գլխավորել է ոստիկանությունը։
64-ամյա դե լա Ռոսան խոստացել է վիճարկել ՄՔԴ-ի որոշումը և օգտագործել բոլոր հասանելի իրավական մեխանիզմները։ Չորեքշաբթի երեկոյան նա իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Սենատի շենքի մոտ՝ իր ձերբակալությունը կանխելու համար։
Ազգային հետնախուզական բյուրոյի (ԱՀԲ) գործակալները ձերբակալման առաջին փորձն արել էին դեռ երկուշաբթի օրը։ Սակայն սենատորին հաջողվել էր ներխուժել լիագումար նիստերի դահլիճ և ստանալ գործընկերների աջակցությունը։ Այդ ժամանակ Ալան Կայետանոն հայտարարել էր, որ պատասխանատվության կենթարկի գործողությանը մասնակցած գործակալներին՝ Սենատի ինստիտուտի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։