Իսպանիան չի հրաժարվի միջազգային իրավունքին իր հավատարմությունից՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից հնչող աճող քննադատությանը, որն առաջացել է Իրանի հետ պատերազմի կարիքների համար իր ավիաբազաները տրամադրելուց Մադրիդի հրաժարվելու պատճառով։ Դրա մասին POLITICO-ին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
«Մենք այն սակավաթիվ երկրներից մեկն էինք, որոնք զորք ուղարկեցին՝ օգնելու Միացյալ Նահանգներին դառնալու պետություն և ձեռք բերելու անկախություն,- նշել է Ալբարեսը,- Մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները զարգանան նույն ոգով, բայց մենք չենք հրաժարվի մեր սկզբունքներից»:
«Մենք հավատարիմ ենք մեր արժեքներին և պաշտպանում ենք մեր քաղաքացիների շահերը: Դա միակ բանն է, որով ես առաջնորդվում եմ»,- հավելել է նա նախարարի պաշտոնական նստավայրում՝ Վիանա պալատում տեղի ունեցած զրույցի ժամանակ:
Մարտի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվել էր իսպանական կառավարության վրա քննադատությամբ՝ նրա դիրքորոշումն անվանելով «սարսափելի» Մորոն և Ռոտա բազաները Իրանին հարվածելու համար օգտագործելու արգելքի պատճառով, և հավելել. «Մենք չենք ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ Իսպանիայի հետ»:
Ալբարեսն ընդգծել է, որ բազաների օգտագործումը կարգավորվում է երկկողմ պայմանագրով, որտեղ հստակ ամրագրված է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության պահպանումը: «Սա միակողմանի պատերազմ է- հայտարարել է նախարարը,- ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկի հետ խորհրդակցություն չի անցկացվել: Ո՛չ Իսպանիան, ո՛չ որևէ այլ երկիր չգիտի, թե ինչ է տեղի ունենում: Սա միայն հաստատում է մեր սեփական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելին POLITICO-ին հայտնել է, որ նախագահ Թրամփը հիասթափված է դաշնակիցների վարքագծից: «Եվրոպան հսկայական օգուտ է ստանում տասնյակ հազարավոր ամերիկյան զինծառայողների ներկայությունից, սակայն ամերիկյան շահերի պաշտպանության համար բազաներն օգտագործելու խնդրանքը մերժվել է: Նախագահը երբեք թույլ չի տա, որ այսպես կոչված «դաշնակիցներն» անարդար վերաբերվեն Միացյալ Նահանգներին»:
Սոցիալիստ Պեդրո Սանչեսի կառավարությունը երկար ժամանակ ԵՄ-ում առանձնացված դիրքորոշում էր որդեգրել Մերձավոր Արևելքի հարցում՝ կոչ անելով խստորեն քննադատելու Իսրայելին և հանդես գալով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի դեմ: Սակայն Ալբարեսը պնդում է, որ այժմ Իսպանիայի դիրքորոշումը դառնում է համաեվրոպական հիմնական ուղղություն (մեյնսթրիմ): «Սկզբում մենք միայնակ ենք թվում: Մի քանի օր անց մյուսները սկսում են ասել նույնը: Մեկ ամիս անց ամբողջ Եվրոպան կրկնում է մեր խոսքերը»,- ասել է նա:
Ալբարեսը համոզված է, որ ԵՄ-ն շրջադարձային կետում է և պետք է ձգտի ավելի մեծ անկախության՝ ԱՄՆ-ի անկանխատեսելի արտաքին քաղաքականության պայմաններում:
Նախարարը ԵՄ անկախությունն անվանել է «էկզիստենցիալ հարց»: Նա Եվրամիությանը կոչ է արել ստեղծելու սեփական զինված ուժերը և պաշտպանական ընդհանուր բազան՝ ընդգծելով, որ դա չի թուլացնում ՆԱՏՕ-ն: «ԱՄՆ-ն անընդհատ հզորացնում է իր բանակը, և ոչ ոք չի կարծում, թե դա թուլացնում է դաշինքը»,- եզրափակել է Ալբարեսը: