Հեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերը


Քաղաքականություն


Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ն Երևանի հեռուստաաշտարակի վրա քաղաքական գովազդի տեղադրման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերը, թե Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն անօրինական է, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Հեռուստաաշտարակի էկրանին գովազդ տեղադրելու պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ընկերության կայքում: Քաղաքական գովազդի հնարավորության մասին տվյալները հասանելի են նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) պաշտոնական կայքում:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գովազդային հարթակից օգտվելու հավասար հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը: Այս պահին գովազդի տեղադրման հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Լիահույս ենք, որ առաջիկայում գովազդի տեղադրման հայտեր կներկայացնեն նաև մյուս քաղաքական ուժերը։ ՀՀՌՑ ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասված է պարզաբանման մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *