Telegraph․ Թրամփը պահանջում է վետոյի իրավունք Գրենլանդիայում ցանկացած ապագա ներդրումների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ստանալ վետոյի իրավունք Գրենլանդիայում հնարավոր ցանկացած ռուսական կամ չինական ներդրումների նկատմամբ, երեքշաբթի պնդում է Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

«Telegraph-ը կարող է հայտնել, որ Դոնալդ Թրամփը պահանջել է կետ, որը համարժեք կլինի «վետոյին» Գրենլանդիայում ցանկացած ապագա չինական կամ ռուսական ներդրումների նկատմամբ», – նշվում է նյութում։

Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ Թրամփի վարչակազմի գլխավոր նպատակը կղզու ապագայի շուրջ բանակցություններում այն է, որ Չինաստանին թույլ չտրվի հասանելիություն ստանալ այդ տարածքների օգտակար հանածոներին։

«ԱՄՆ-ի, Գրենլանդիայի և Դանիայի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարում մի գործարքի շուրջ, որը կբավարարեր ամերիկյան նախագահի՝ տարածքը վերահսկելու ցանկությունը։ Բանակցությունները նախատեսվել էին, որպեսզի Թրամփին հնարավորություն տան հետ կանգնել արկտիկական կղզին ռազմական ճանապարհով գրավելու սպառնալիքներից», – ասվում է հոդվածում։

Վաշինգտոնը մտահոգված է Պեկինով, որը վերահսկում է հազվագյուտ հողային տարրերի համաշխարհային մատակարարումների շուրջ 70%-ը և դրանց վերամշակման մինչև 90%-ը։ ԱՄՆ-ում կարծում են, որ Չինաստանը, իբր, կարող է դա օգտագործել որպես ճնշման լծակ։

«Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ԱՄՆ-ը կփորձի սառույցի տակ գտնվող նավթի, ուրանի, հազվագյուտ հողային մետաղների և այլ կարևոր նշանակության հանքանյութերի մեծ մասը արդյունահանել միայն այն դեպքում, եթե Պեկինը դադարեցնի համաշխարհային մատակարարումները», – պնդում է թերթը։

Գրենլանդիան մտնում է Դանիայի թագավորության կազմի մեջ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելուց՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *