Վաշինգտոնում հսկայական հաղթական կամար կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը մոտեցել է իրականացմանը. ԱՄՆ Գեղեցիկ արվեստների հանձնաժողովը (CFA) հավանություն է տվել հուշարձանի թարմացված նախագծին՝ չնայած հանրության, պատմաբանների և ճարտարապետների մասշտաբային քննադատությանը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ վերանայված նախագծի՝ բուն կամարի բարձրությունը կկազմի մոտ 76 մետր։ Ընդ որում, կառույցի ընդհանուր բարձրությունը նվազել է մոտավորապես 2,4 մետր բարձրությամբ հիմքից հրաժարվելուց հետո։ Եթե նախորդ տարբերակով նախագիծը նախատեսում էր ավելի քան 85 մետր բարձրություն, ապա այժմ այն կկազմի 82 մետրից փոքր-ինչ ավելի։
Նախագծից հանվել են նաև առյուծների չորս ոսկեզօծ քանդակները, որոնք ծրագրում էր տեղադրել կամարի հիմքի մոտ։ Հանձնաժողովում համարել են, որ առյուծները «Միացյալ Նահանգներին բնորոշ խորհրդանիշ չեն»։ Ճակատային մասի երեսպատման համար մարմարի փոխարեն որոշվել է օգտագործել գրանիտ՝ այդ քարի առավել մեծ ամրության և երկարակեցության շնորհիվ։
Միևնույն ժամանակ, կառուցվածքի խորությունն ավելացվել է, իսկ կամարը պսակող թևավոր Ազատության կենտրոնական արձանը Թրամփի վարչակազմը որոշել է պահպանել՝ չնայած հանձնաժողովի անդամների մի մասի առարկություններին։
Հուշարձանը նախագծվում է Փարիզի Հաղթական կամարի օրինակով և պետք է տեղադրվի Արլինգտոնի ազգային գերեզմանատան մուտքի և Լինքոլնի հուշահամալիրի միջև։ Ենթադրվում է, որ նախագիծը կդառնա Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարության մի մասը։
Սակայն կամարի շուրջ արդեն իսկ լուրջ ընդհարում է բռնկվել։ Հանձնաժողովի տվյալներով՝ հանրային քննարկումների ընթացքում ստացված ավելի քան 600 մեկնաբանությունների 99,5%-ը եղել է բացասական։ Քննադատները համարում են, որ հուշարձանը կխաթարի տարածքի պատմական տեսքը, կփակի տեսարանը դեպի Արլինգտոնի գերեզմանատուն և համաձայնեցվել է արտասովոր արագացված ընթացակարգով։
Լրացուցիչ մտահոգությունները կապված են ավիացիոն անվտանգության հետ։ Կամարը նախատեսվում է տեղադրել Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանից՝ երկրի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկից, 3,2 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Այդ կապակցությամբ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունն արդեն հարցում է արել հատուկ հետազոտություն անցկացնելու համար՝ գնահատելու կառույցի հնարավոր ազդեցությունը օդային երթևեկության վրա։
Նախագիծը դեռ պետք է արժանանա ԱՄՆ Կապիտալի պլանավորման ազգային հանձնաժողովի հավանությանը։ Միաժամանակ, շինարարության դեմ դատական հայց է ներկայացրել Վիետնամի պատերազմի վետերանների կազմակերպությունը։ Հայցվորները պնդում են, որ վարչակազմը փորձում է շրջանցել Կոնգրեսի պարտադիր հավանությունը՝ օգտագործելով գրեթե հարյուրամյա վաղեմության քիչ հայտնի թույլտվություն։