Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Ռուբիոյի Հայաստան այսօրվա այցը ու փոխանցում մտահոգություններ


Աշխարհ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան պետական այցը Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է` շեշտելով ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու երկու երկրների միջեւ բարձր մակարդակի կայուն ներգրավվածությունը։

«Միեւնույն ժամանակ, ԱՀՀ-ն շարունակում է խոր մտահոգություն հայտնել Բաքվի՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժման կապակցությամբ եւ կոչ է անում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ աարձակել»,- նշված է ԱՀՀ հայտարարության մեջ։

ԱՀՀ-ն շեշտելով, որ նախագահ Թրամփը խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» եւ Սպիտակ տանը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման» հանդիպման ընթացքում պարտավորվել էր նախագահ Ալիեւի հետ անմիջականորեն բարձրացնել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը, կոչ է արել ԱՄՆ-ին «այս հանձնառությունները վերածել կոնկրետ եւ չափելի գործողությունների»։

Հայտարարության մեջ նշված է, որ մինչ ԱՄՆ-ն եւ Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը՝ առաջ մղելու TRIPP-ը, ինչպես նաեւ մի շարք փոխըմբռնման հուշագրեր առանցքային ոլորտներում, ԱՀՀ-ն վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման եւ Արցախի հայերի շարունակվող հումանիտար կարիքների հասցեագրման կարեւորությունը։ «Սա ներառում է նաեւ իրենց բնիկ հայրենիք վերադառնալու իրավունքի աջակցությունը՝ անվտանգության, ժողովրդավարական իրավունքների եւ հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանության իմաստալից երաշխիքներով»,- նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է ժամանելու այսօր։ ԱԳՆ-ից հայտնում են, որ տեղի կունենա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *