ԵՄ կլիմայական նոր կանոնների պատճառով՝ Եվրոպական առաջատար ավիաընկերություններից յուրաքանչյուրի լրացուցիչ ֆինանսական ծախսերը կաճեն առնվազն 1,5 միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով փորձագետներին։
Պարբերականի տվյալներով՝ Բրյուսելը դիտարկում է իր արտանետումների առևտրի համակարգը (ETS) համայնքից մեկնող չվերթների վրա տարածելու հնարավորությունը։ Սա արվում է այն համակարգի վերանայման շրջանակներում, որն ընկած է տարբեր ոլորտների ապաածխածնացմանն ուղղված Եվրոպայի ջանքերի հիմքում։ Ինվեստորներին ածխածնային արտանետումների գնագոյացման հարցերով խորհրդատվություն տվող Transition Metrics ընկերության կանխատեսումների համաձայն՝ սա առաջին հերթին կազդի այնպիսի ավիափոխադրողների վրա, ինչպիսիք են Lufthansa-ն, British Airways-ը և Air France – KLM-ը։ Նրանց լրացուցիչ ծախսերը 2027 թվականին կհասնեն համապատասխանաբար 1,8 միլիարդ, 1,7 միլիարդ և 1,5 միլիարդ եվրոյի։
Transition Metrics-ի ղեկավար Յան Առենսի խոսքով՝ եթե ածխածնային արտանետումների ծախսերը փոխանցվեն ուղևորների վրա, ապա արտանետումների առևտրի համակարգի (ETS) լիակատար ընդգրկումը Ֆրանկֆուրտ-Պեկին չվերթի տոմսի արժեքը կթանկացնի 100 եվրոյով։ «Այս ծախսերն աննշան չեն, դրանք բավականին զգալի են»,- նշել է փորձագետը։
Ավիաընկերություններն արդեն իսկ բախվում են 2027 թվականի պահանջների կատարման գծով իրենց պարտավորությունների ապահովագրման խնդրին։ «Հաջորդ տարվա միջմայրցամաքային չվերթների տոմսերի վաճառքը սկսվում է արդեն հիմա»,- հավելել է Առենսը։