ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար։ Այս մասին Երևանում անցկացվող «InsureTek Armenia 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ համաժողովն անցկացվում է համաշխարհային ֆինանսական հատվածի համար կարևոր պահի, քանի որ թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ավտոմատացումը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացումն ապահովագրական շուկայի համար այլևս ապագայի հայեցակարգեր չեն։
«Դրանք դառնում են մրցունակության, արտադրողականության և հաճախորդների վստահության հիմնական դրայվերները», — ասել է Եղիազարյանը։
Նա նշել է, որ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն գտնվում է ապահովագրական համակարգի կենտրոնում և տեսնում է, թե որտեղ են գործընթացները դանդաղում, որտեղ համակարգերը կապված չեն միմյանց հետ և որտեղ արդիականացումը ոչ թե տեսական, այլ գործնական անհրաժեշտություն է։
Համաշխարհային միտումներ
Եղիազարյանի խոսքով՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի տեխնոլոգիապես զարգացած ապահովագրական ընկերությունների համեմատությունը զարգացող շուկաների հետ ցույց է տալիս, որ տարբերությունը ոչ միայն հմտությունների մակարդակի, այլև արտադրողականության մեջ է։
«Առավել թվայնացված ապահովագրական ընկերություններն աշխատում են վարչական ծախսերի զգալիորեն ավելի ցածր մակարդակով, ավելի արագ են կարգավորում ապահովագրական դեպքերը, ունեն ավելի բարձր հասույթ մեկ աշխատակցի հաշվով և ապահովում են հաճախորդների շատ ավելի որակյալ փորձառություն», — նշել է նա։
Եղիազարյանն ընդգծել է, որ այդ պատճառով թվային տրանսֆորմացիան էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաները ոչ միայն թղթային փաստաթղթաշրջանառության կրճատումն են, այլև այնպիսի համակարգի ստեղծումը, որտեղ որոշումներն ավելի արագ են կայացվում, խարդախության ռիսկերն ավելի ցածր են, օպերատիվ ծախսերն՝ ավելի արդյունավետ, իսկ ապահովագրությունը դառնում է ավելի մատչելի և մեծ վստահություն է ներշնչում քաղաքացիների ու բիզնեսի շրջանում։
Հայաստանի ուղին
Նա նշել է, որ փոքր շուկաները սովորաբար հետևում են մեծերին, սակայն Հայաստանը հնարավորություն ունի ընտրելու այլ ուղի։
«Փոքր համակարգերը կարող են ավելի արագ հարմարվել, ավելի ճկուն կերպով ներդնել նորարարություններ և բախվում են ավելի քիչ կառուցվածքային արգելքների», — ասել է Բյուրոյի տնօրենը։
Նրա խոսքով՝ նպատակն է ստեղծել լիովին ինտեգրված ապահովագրական միջավայր, որտեղ տվյալները փոխանցվում են անխոչընդոտ, գործընթացները ստանդարտացված են, իսկ կարգավորողները, ապահովագրողներն ու տեխնոլոգիական փրովայդերներն արդյունավետորեն փոխգործակցում են։
Եղիազարյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ թե պարզապես զարգացող ապահովագրական շուկա, այլ մի հարթակ, որտեղ կփորձարկվեն, կկատարելագործվեն և կներդրվեն ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաներն ու ԱԲ լուծումները։
«Ոչ թե չափսերի, այլ արագության, բաց լինելու և նորարարություններին պատրաստակամության շնորհիվ։ Եթե մենք արդյունավետորեն համագործակցենք, այստեղ մշակված լուծումները կարող են օրինակ դառնալ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև շատ ավելի մեծ շուկաների համար», — ընդգծել է նա։
GAIP սկզբունքները
Global Association of InsurTech Professionals-ի (GAIP) հիմնադիր Աֆտաբ Հասանը, ելույթ ունենալով համաժողովում, հայտարարել է, որ կազմակերպությունը ձգտում է միավորել ապահովագրական ոլորտը մեկ գլոբալ հարթակում։
Նրա խոսքով՝ ապահովագրական ոլորտը երկար տարիներ մնացել է մասնատված, մինչդեռ մեկ հարթակում պետք է փոխգործակցեն ապահովագրողները, վերաապահովագրողները, իրավաբանական ծառայությունները, տեխնոլոգիական փրովայդերները և էկոհամակարգի մյուս մասնակիցները։
Հասանը նշել է, որ նման մոդելը կարող է ոչ միայն ամրապնդել ապահովագրական էկոհամակարգը, այլև օգնել ավելի արագ հայտնաբերել և կանխել խարդախությունները ապահովագրության մեջ։
Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիական ընկերություններն արտաքին խաղացողներ չեն, որոնք «ներխուժում են» ապահովագրական ոլորտ, այլ դրա զարգացման կատալիզատորներն են։
Ըստ Հասանի՝ հենց դա է հանդիսացել գլոբալ մասշտաբով Global Association of InsurTech Professionals-ի ստեղծման պատճառներից մեկը՝ խոշոր հաբերում մասնաճյուղերի բացմամբ։
GAIP-ի համագործակցությունը Հայաստանի հետ
Նա հայտարարել է Հայաստանի հետ ապահովագրության տարբեր ուղղություններով համագործակցելու GAIP-ի պատրաստակամության մասին։
Հասանը նաև տեղեկացրել է, որ կազմակերպությունը գործարկել է GAIP Academy-ն, որը հեռանկարում պետք է դառնա թեմատիկ համալսարան ապահովագրական ոլորտի համար։
«Աշխարհում չկա գլոբալ ոլորտային հարթակ, որը կսպասարկեր ապահովագրական ոլորտը և որտեղ կդասավանդվեր ապահովագրության ողջ շրջանակը։ Հենց GAIP Academy-ն պետք է համապատասխանի այս մարտահրավերին», — նշել է նա։
GAIP-ի հիմնադիրը ներկայացրել է նաև GAIP Frontline Journalist Protection and Resilience Initiative նախաձեռնությունը, որն ուղղված է հակամարտությունների գոտիներում աշխատող լրագրողների և նրանց ընտանիքների աջակցությանը։
Նրա խոսքով՝ 11 վերաապահովագրողներ պատրաստ են աշխատել այս պրոդուկտի ուղղությամբ, որը նախատեսվում է գործարկել գլոբալ մակարդակով։
Համաժողովի մասին
«InsureTek Armenia 2026» միջազգային համաժողովն անցկացվում է Երևանում հունիսի 4-ին։ Դրան մասնակցում են հայաստանյան և արտասահմանյան ապահովագրական ու տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ, ներդրողներ և փորձագետներ։