Հրաձգություն Անգլիայի հավաքականի բազայի մոտակայքում․ կա 9 վիրավոր


Սպորտ


ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքում զինված միջադեպ է գրանցվել Անգլիայի ազգային հավաքականի՝ ԱԱ-2026-ի համար նախատեսված բազայի մոտակայքում: Ինչպես հաղորդում է The Athletic-ը, հրաձգության հետևանքով ինը մարդ վնասվածքներ է ստացել:


Ոստիկանությունը Թրուսթ ավենյուում հնչած կրակոցների մասին ահազանգը ստացել է շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում: Դեպքի վայրը գտնվում է Անգլիայի հավաքականի մարզաբազայից 8 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա, ինչը մեքենայով մոտ 10 րոպեի ճանապարհ է: Հակառակ ուղղությամբ՝ մի փոքր ավելի հեռու, տեղակայված է այն հյուրանոցը, որտեղ թիմը բնակվելու է մրցաշարի ընթացքում:


Կանզաս-Սիթիի ոստիկանական բաժանմունքի կապիտան Ջեյք Բեկինան հայտնել է, որ ժամանելով դեպքի վայր՝ իրավապահները նկատել են ցրվող ամբոխի: Երեք կին անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տեղական տարբեր հիվանդանոցներ է դիմել ընդհանուր առմամբ ինը չափահաս: Բարեբախտաբար, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին կասկածյալներ չեն ձերբակալվել, սակայն ոստիկանությունը շարունակում է խիստ վերահսկողություն և պարեկություն իրականացնել տարածքում:


Նշվում է, որ միջադեպի պահին Անգլիայի հավաքականի խաղացողներն ու անձնակազմը եղել են Փալմ-Բիչում (Ֆլորիդայի նահանգ), որտեղ ավարտին են հասցնում նախապատրաստությունը Աշխարհի առաջնությանը:

ԱԱ-2026-ում անգլիացիները՝ Թոմաս Տուխելի գլխավորությամբ, հանդես կգան L խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Գանայի և Պանամայի հավաքականները:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *