Մեծ Բրիտանիան և Ճապոնիան համաձայնության են եկել բազմամիլիարդանոց ներդրումային փաթեթի շուրջ, որը, ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, պետք է բացի երկու երկրների միջև «համագործակցության նոր դարաշրջան», հայտնում է BBC News-ը։
Դաունինգ Սթրիթի հաղորդմամբ, ճապոնական ընկերությունները Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքների և ֆինանսական ծառայությունների ոլորտներ կուղղեն ավելի քան 11,5 միլիարդ դոլար (մոտ 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ), ինչպես նաև մինչև 11,5 միլիարդ դոլար (մոտ 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ)՝ ծովային հողմաէներգետիկայի նախագծերին։
Հնարավոր ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 23 միլիարդ դոլարը, ինչը, գնահատականներով, թույլ կտա ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր։
Սթարմերը Լոնդոնում հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել ճապոնական բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Բրիտանացի վարչապետը քննարկումները բնութագրել է «շատ արդյունավետ»։
Տակաիտին, խոսելով թարգմանչի միջոցով, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «չափազանց կարևոր գործընկեր» է՝ ընդգծելով տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության խորացումը։
Համաձայնագիրը ներառում է նաև համագործակցություն բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ Մեծ Բրիտանիան և Ճապոնիան վերահաստատել են իրենց հանձնառությունը Global Combat Air Programme (GCAP) ծրագրին՝ Իտալիայի հետ համատեղ նոր սերնդի կործանիչի ստեղծման նախագծին։
Բացի այդ, Rolls-Royce-ը կաշխատի Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալության հետ՝ միջուկային ոլորտում նոր սերնդի տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ Առանձին համաձայնագիր կմիավորի բրիտանական հետազոտություններն ու ծրագրային մշակումները ճապոնական արտադրական հատվածի հետ։
Մասնակից ճապոնական ընկերությունների թվում են Mitsubishi Estate-ը, Mitsui Fudosan-ը և Nomura Real Estate-ը, որոնք ծրագրում են առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդրումներ կատարել ենթակառուցվածքային և դևելոփերական նախագծերում։
Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե հայտարարված միջոցների որ մասն է նոր ներդրում, և որը՝ ավելի վաղ արդեն հայտարարված նախագծեր։
Համաձայնագրի ֆոնին պահպանվում են մտահոգությունները բրիտանական տնտեսության վիճակի վերաբերյալ։ Չնայած տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 0,6% աճին՝ վերլուծաբանները սպասում են աճի տեմպերի դանդաղման։ Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունը զարգացած երկրների շարքում ամենաուժեղ հարվածը կարող է հասցնել հենց Մեծ Բրիտանիային, իսկ Անգլիայի բանկը չի բացառում, որ վատագույն սցենարի դեպքում գնաճը կարող է հասնել 6%-ի՝ համաշխարհային էներգակիրների գների աճի պատճառով։