Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ նոր բանակցությունների համար հնարավորություն կա, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, ավելի բաց է դարձել երկխոսության համար։
«Կարծում եմ՝ այժմ հնարավորություն կա բանակցություններն սկսել այս ամառ»,- ասել է նա RTL հեռուստաալիքի Nachtjournal Spezial ծրագրի եթերում։
Խոսելով Պուտինի մասին՝ նա հավելել է. «Հնարավոր է՝ նա այժմ գտնվում է մի փուլում, երբ լրջորեն մտածում է դրա մասին»։
Վադեֆուլը նշել է, որ ռազմական առումով այժմ կողմերից ոչ մեկը վճռորոշ առավելություն չի ստանում։
«Միակ բանը, որ տեղի է ունենում, մարդկանց մահն է։ Ամեն օր»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
Վադեֆուլը միաժամանակ մեկնաբանել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որն ավելի վաղ նշել էր, թե ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան չեն կարող հաղթել պատերազմը ռազմական ճանապարհով։ Գերմանացի նախարարն այն «Պուտինի շատ մոտ դաշնակցի ուշագրավ հայտարարություն»է անվանել։