Բրիտանիայում պաշտոնյաները աշխատանքի ժամանակ GTA են խաղացել՝ մարդկանց կյանքը հասկանալու համար․ Telegraph

Մեծ Բրիտանիայի կրթության նախարարության դեպարտամենտներից մեկի աշխատակիցներն աշխատանքի ժամանակ Grand Theft Auto (GTA) համակարգչային խաղ են խաղացել՝ մարդկանց «կենսափորձն» ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ նախագծին մասնակցել են «Policy Lab» փորձարարական թիմի անդամները, որոնց պարտականությունների մեջ է մտնում կրթության նախարարության համար քաղաքականության մշակումը։ Այս նույն բաժինը նախկինում կավագործության ու պերուական հանգույցներ կապելու դասընթացներ էր կազմակերպել, ինչպես նաև նկարիչ հրավիրել՝ նպաստառուների դիմանկարները պատկերելու համար, որպեսզի նրանց «ավելի իրական» ներկայացնի։

«Պետական ծառայողներին վճարել են GTA խաղալու համար… նախագիծը կառավարությունը գործարկել էր 2024 թվականի վերջին՝ փորձելով տեղեկանալ հանրության ներկայացուցիչների «կենսափորձի» մասին»,- գրում է պարբերականը։

Բաժնի աշխատակիցները ժամանակ են անցկացրել խաղացողների հետ և «բացահայտել նրանց աշխարհը»՝ հետևելով խաղի մեջ նրանց փոխգործակցությանը. հայտնում է թերթը՝ վկայակոչելով բաժնի ներքին օրագրերից վերցված ձևակերպումները։

Փորձի արդյունքների հիման վրա արված եզրակացություններում նշվում է, որ առցանց շփումն օգտակար է եղել հեռավոր շրջաններում բնակվող որոշ խաղացողների համար։ Ոմանք էլ խաղի ընթացքում «բիզնես վարելու» փորձ են ձեռք բերել, ինչը չունեին իրական կյանքում։

Կառավարության աղբյուրը Telegraph-ին հայտնել է, որ «Policy Lab»-ը, որտեղ աշխատում է շուրջ 30 պաշտոնյա, անհրաժեշտ է փակել, քանի որ նրանք հարկատուների հաշվին «դատարկաբանությամբ» են զբաղված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *