Հայաստանի իշխանությունները որոշել են խրախուսման նոր ձևեր սահմանել օրինապահ հարկ վճարողների համար

Հայաստանի իշխանությունները ցանկանում են խրախուսման նոր ձևեր սահմանել օրինապահ հարկ վճարողների համար։ Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հարկային մարմնի ու հարկ վճարողի միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմամբ։ Մասնավորապես, առաջարկվում է օրինապահ հարկ վճարողների համար ներդնել անժամկետ հավաստագրեր։ Ներկայումս դրանց վավերականության ժամկետը տրամադրման պահից սկսած 12 ամիս է։

Հարկային մարմնը, վերահսկողության նպատակով, եռամսյակային կտրվածքով մոնիտորինգի կենթարկի հարկ վճարողների գործունեությունը։ Կառավարությունն իր հերթին կսահմանի հավաստագրի չեղարկման կարգն ու համապատասխան դեպքերը։

Հավաստագիր ունեցողների նման հարկ վճարողների պարագայում, հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը կիրականացնի սպասարկողի գործառույթ։

«Օրինապահ հարկ վճարողի սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունների համար, համալիր հարկային ստուգումների պլանավորման ժամանակ ռիսկայնությունը որոշող չափանիշների գնահատման ընթացքում, կկիրառվի 0,8 գործակից»,- ասել է Սահակյանը։

Այդուհանդերձ, հավաստագրի տրամադրման ընթացակարգը չի տարածվի ներդրումային հիմնադրամների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *