ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել իրանական նավթ գնող երկրների դեմ։
«Մենք ընկերություններին ասել ենք, մենք երկրներին ասել ենք, որ եթե դուք գնեք իրանական նավթ, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել, ինչը շատ խիստ միջոցառում է», — Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը։
Նա նաև հայտարարություն է արել ռուսական նավթի վերաբերյալ։
«Մենք չենք երկարաձգի ռուսական և իրանական նավթի ընդհանուր լիցենզիան», — ասել է Բեսենթը։
Նրա խոսքով՝ Չինաստանը նույնպես սահմանափակումների է ենթարկվում։
«Երկու չինական բանկեր նամակներ են ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։ Մենք նրանց ասել ենք. եթե կարողանանք ապացուցել, որ իրանական փողը հոսում է ձեր հաշիվներով, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել», — ասել է Բեսենթը։
Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ ծովային շրջափակման շնորհիվ Չինաստանի կողմից իրանական նավթի գնումների մեջ դադար կլինի։