Հայաստանում ընթացիկ տարվա սկզբից ուժի մեջ է մտել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրությունը (ՀՊԲԱ)։ Սակայն համակարգը, որը կոչված է հեշտացնելու բժշկական ծառայությունների հասանելիությունը և նվազեցնելու առողջապահական ծախսերը, հաճախ խափանվում է։
NEWS.am-ի խմբագրությանը հայտնի է դարձել մի քանի դեպքերի մասին, երբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխված բուժառուին մերժել են բժշկական ծառայությունների տրամադրումը։ Նշենք, որ խոսքը օրենքով չնախատեսված ծառայությունների մասին չէր. բուժառուներից, որպես կանոն, պոլիկլինիկայից ուղեգիր են պահանջել։
Հիշեցնենք, որ ուղեգիրն իսկապես անհրաժեշտ է, սակայն միայն պլանային դեպքերում։ Ըստ նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված «Համընդհանուր բժշկական ապահովագրության մասին» օրենքի՝ ապահովագրական դեպք է համարվում բացառապես այն դիմումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձին կամ դեղատուն, որոնք համապատասխան պայմանագիր են կնքել Հիմնադրամի հետ։
Ապահովագրական դեպք չի համարվում, ի թիվս այլոց, սեփական նախաձեռնությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձին դիմելը՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրի, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի։ Այսպես, օրենքով նախատեսված է, որ ապահովագրված անձի կողմից ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման է կանխարգելիչ ծառայություն ստանալը կամ Լիազոր մարմնի սահմանած կարգով ծառայություն ստանալու հերթում գտնվելը։
Սակայն կանխարգելիչ ծառայություն ստանալը նախապայման չէ համընդհանուր բժշկական ապահովագրության շրջանակում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար։ Ինչ-ինչ պատճառներով այս կետը, կա՛մ սեփական անտեղյակությունից, կա՛մ օգտվելով բուժառուների անտեղյակությունից, որոշ բժշկական կենտրոններում անտեսում են՝ պահանջելով կամ պոլիկլինիկայի ուղեգիր, կամ էլ վճարել ծառայության համար տեղում։ Ավելին, օրենքն ասում է, որ կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ տրամադրելու դեպքերում։
Ապահովագրական վճարի դրույքաչափը մեկ անձի հաշվարկով կազմում է տարեկան 129 հազար 600 ՀՀ դրամ, ինչը ամսական կազմում է 10 հազար 800 ՀՀ դրամ։ Ստացվում է՝ քաղաքացիները վճարում են, իսկ անհրաժեշտության դեպքում ծառայությունից օգտվելը խնդիր է դառնում։
Ի դեպ, օրենքը նախատեսում է նաև բողոքարկման մեխանիզմ։ Ապահովագրված անձն իրավունք ունի օգտվել ապահովագրական փաթեթից ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ստանալ ապահովագրական փաթեթը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ցանկացած անձից, տեղեկացնել Հիմնադրամին՝ ըստ ՀՀ օրենսդրության ապահովագրական փաթեթի տրամադրումը մերժելու կամ ոչ պատշաճ տրամադրելու դեպքում։
Ակնհայտ է, որ առանց հենց իրենց՝ բուժառուների կողմից հիմնադրամին կամ իրավապահ մարմիններին ժամանակին դիմելու, նման ամեն մի դեպքի հանգամանքները ստուգելը գրեթե անիրականանալի խնդիր է։ Միակ բանը, որ մնում է պրոֆիլային գերատեսչություններին, տեղերում աշխատակիցներին ևս մեկ անգամ հիշեցնելն է օրենքի դրույթների մասին, իսկ բուժառուներին՝ նման խախտումների մասին հայտնելու անհրաժեշտության մասին։