
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուտով կավարտվի նաև «Սահմանադրական դատարան» անվանմամբ հերթական ներկայացումը: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Բոլորն արձակուրդ են գնալու: Նույնիսկ` ժողովուրդը: Նորընտիր պատգամավորները վերցնելու են մանդատները, և բոլորս միասին սպասելու ենք հինգշաբթի օրերին, երբ վերջիններս սուր հարցեր են ուղղելու Փաշինյան Նիկոլին և կառավարության անդամներին:
Իսկ ի՞նչ կարող էր լինել: Պայմանական ընդդիմությունը կարող էր հաշվի առնել նախկին սխալները, չմասնակցել ընտրություններին նույն դեմքերով, ունենալ միասնական խարիզմատիկ լիդեր, զերծ մնալ ձևական նախընտրական ցուցակներ կազմելուց, սահմանադրական ճգնաժամեր ստեղծել: Իսկ ամենակարևորը` քաղաքական ուժերը պետք է, գոնե առերևույթ, ինքնուրույն լինեն: Նախընտրական ամբողջ շրջանում ընդդիմության հիմնական թիրախը Փաշինյան Նիկոլն էր, իսկ շոշափվող թեման` Փաշինյան Նիկոլի հետ հանդիպման ընթացքում Պուտին Վլադիմիրի «շարժուձևն էր»: Ախր, ցանկության դեպքում, ընդդիմադիրները կարող են հանճարեղ «պրոյեկտներ» ստեղծել: Օրինակ` Բագրատ Սրբազանի շարժումը: Այն ընդդիմության վերջին տարիների ամենահաջողված «պրոյեկտն էր»: Այն միայն մեկ թերություն ուներ` ժամանակից շուտ էր իրագործվել: Եվ, եթե այժմյան ընդդիմության փոխարեն, ի դեմս, օրինակ` Բագրատ Սրբազանի, միասնական խարիզմատիկ լիդեր ունենայինք, պատկերը լրիվ այլ կլիներ: Այս իմաստով, դեռ հարկավոր է պարզել, թե ով և ինչ նպատակով Բագրատ Սրբազանին ժամանակից շուտ քաղաքական ասպարեզ «նետեց»:
Ինչևէ: Եղավ այն, ինչ եղավ: Ի՞նչ է անհրաժեշտ անել: Ամենակարևորը` փոխել լիդերներին: Ի դեմս նոր դեմքերի, ստեղծել նոր քաղաքական «պրոյեկտներ»: Պարբերաբար «աշխատեցնել» դրանք: Կանգ առնել դրանցից մեկի վրա և ամենահարմար պահին իրագործել այն: Հին դեմքերն, անկախ ունեցած վաստակի, պետք է գոնե արտաքնապես չերևան, ավելի լավ է` գնան վաստակած հանգստի»: