Պետբյուջեի պակասուրդի դինամիկան` ՀՀ տարբեր ղեկավարների կառավարման ժամանակահատվածներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ իշխանությունների հավաստմամբ պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2025թ․ հաստատվել է 3․7% մակարդակում։ Սա նշանակում է, որ պետական բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները, և բացը մեղմելու նպատակով իշխանությունները դիմել են պարտքային ֆինանսական գործիքների կիրառմանը։

Պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունն ունի վտանգավոր շեմ, որի գերազանցումը կարող է հանգեցնել մակրոտնտեսական կայունության խաթարման։

Այս համատեքստում դիտարկենք այս ցուցանիշի դինամիկան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին․

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին (1998–2007թթ․)  պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը միջինում կազմել է -2․87%, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին (2008–2017թթ․-4․24%, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին (2018–2025թթ․-3․04%։

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածը կարելի է բաժանել երկու փուլի․ 1998–2001թթ․ պակասուրդը բարձր էր՝ -5%– -4% միջակայքում, իսկ 2002թ․ հետո այն նվազեց և կայունացավ՝ մոտ -1.9%– -1.3%, ինչի արդյունքում ժամանակահատվածի ավարտին պակասուրդը դարձավ վերահսկելի։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիները կարելի է բաժանել երեք փուլերի․ 2008–2010թթ․՝ ճգնաժամային պակասուրդ (2008թ․՝ -7%, 2009թ․՝ -7.6%), 2011–2014թթ․՝ ֆիսկալ կայունացում (2014թ․՝ –1.9%), և 2015–2017թթ․՝ նոր աճ (2017թ․՝ -4.8%

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում 2018–2019թթ․ պակասուրդը ցածր էր, 2020թ․ կտրուկ աճեց՝ -5.4%, 2021թ․ պահպանվեց բարձր՝ -4.6%, 2022–2023թթ․ նվազեց՝ մոտ -2%, իսկ 2024–2025թթ․ նորից խորացավ՝ -3.7%։

Տատանողականության տեսանկյունից՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ստանդարտ շեղումը կազմել է 2․22, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 1․54, իսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1․53։


Ինչպե՞ս են փոխվել արտաքին առևտրի ուղղությունները ՀՀ 4 ղեկավարների օրոք. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Միջազգային համեմատության համար սահմանված է պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի վտանգավորության 3% շեմը։

Սա հիմք ընդունելով` Ռ․ Քոչարյանի կառավարման 10 տարիներից 4-ում արձանագրվել է շեմից բարձր մակարդակ, Ս․ Սարգսյանի կառավարման 10 տարիներից՝ 6-ում, իսկ Ն․ Փաշինյանի կառավարման 8 տարիներից՝ 4-ում։

  • Հայաստանի երեք ղեկավարների կառավարման տարիները հանգիստ չեն եղել։ Երկու նախկին նախագահների դեպքում առկա էին Արցախյան պատերազմը, շրջափակումը և ներքին քաղաքական ցնցումները, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում նաև գլոբալ ֆինանսատնտեսական խորը ճգնաժամը։
  • Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները սկսվեցին ներքին քաղաքական ցնցումով, պահպանվեց Արցախյան հակամարտությունն ու շրջափակումը, այնուհետև սկսվեց համավարակը, ապա 44-օրյա աղետաբեր պատերազմը, իսկ ներկայումս Հայաստանը գտնվում է կասկածելի «խաղաղության» փուլում։
  • Այսպիսով, կարելի է փաստել նաև, որ պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն կառավարության ֆիսկալ վարքագծով, այլև արտաքին ու ներքին շոկերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *